Իռլանդիան պաշտպանել է ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի մաքսային միության մասին Մեյի պլանը. Financial Times
Իռլանդիան պաշտպանել է ամբողջ Միացյալ Թագավորության, ներառյալ Հյուսիսային Իռլանդիան, եւ Եվրամիության միջեւ մաքսային միության պահպանման մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պլանը՝ մինչեւ Լոնդոնի եւ Բրյուսելի կողմից նոր առեւտրական համաձայնագրի համաձայնեցումը: Հոկտեմբերի 4-ին այս մասին հայտնել է Financial Times թերթը։
Թերթի տվյալներով՝ Բրիտանիայի կառավարության ղեկավարը նման առաջարկություն է մշակում՝ ձգտելով լուծել իռլանդական սահմանի շուրջը Բրյուսելի հետ շարունակվող վեճը, որը խոչընդոտում է Brexit-ի վերաբերյալ երկկողմ համաձայնության հասնելուն: Մաքսային միությունը պահպանելու Մեյի նախաձեռնությունը նկատի է առնված սահմանափակ ժամկետի համար, քանի դեռ նոր առեւտրական համաձայնագիրը լիովին չի համաձայնեցվի Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ:
«Brexit-ի շուրջը ԵՄ-ի գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն այս գաղափարը մերժում է, սակայն Դուբլինում պաշտոնատար անձինք գաղտնիության պայմանով պնդում են, թե նման առաջարկությունը կարող է նպաստել սահմանային հարցի կարգավորմանը եւ ուղի բացել գործարքի համար»,- գրել է թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: