Բաժիններ՝

Ներմուծման հարկերը բարձրացել են. ՊԵԿ-ի լղոզված ու չհերքող պատասխանը՝ գործարարների դժգոհություններին

168.am-ն օրեր առաջ անդրադարձել էր առևտրով զբաղվող փոքր ձեռնարկատերերի շրջանում ահագնացող բողոքներին՝ մաքսային ընթացակարգերի բարդացման և ներմուծման հարկերի բարձրացման հետ կապված։ («Փոքր ու միջին առևտրականները մտահոգ են. ինչի կհանգեցնի ներմուծման հարկերի բարձրացումը», «Հայտարարությունը, որ մաքսազերծումը մեզ համար էժանացել է, չի համապատասխանում իրականությանը». գործարար

Մեր հրապարակման մեջ անդրադարձել էինք առևտրով զբաղվող փոքր ձեռնարկատերերի շրջանում մաքսային ընթացակարգերի բարդացման և ներմուծման հարկերի բարձրացման հետ կապված բողոքներին։ Նախկինում փոքր ձեռնարկատերերի կողմից իրականացվող ներմուծման մաքսազերծման գործընթացը իրականացնում էր «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն, իսկ այժմ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ստեղծվել է նոր ստորաբաժանում, որը համակարգում է այդ ներմուծումները։

Ըստ 168.am-ի հավաստի տեղեկությունների, այժմ, օրինակ, Թուրքիայից 1 կգ հագուստ ներմուծելու պարագայում առևտրականը 4,05 դոլարի կարգի ծախս է կրում՝ նախկին 3 դոլարի փոխարեն, այսինքն՝ միջինում 1000 կգ ապրանքի մեջ մոտ 1000 դոլարի լրացուցիչ ծախս է առաջանում, իսկ Չինաստանի (նախկինում՝ 4 դոլար) և Դուբայի պարագայում (նախկինում՝ 3.5 դոլար) արժեքներն աճել են գրեթե 2 դոլարով։ Սա չհաշված՝ մարդիկ բողոքում են օրերով ապրանքներին սպասելուց, հերթերում կանգնելուց և մնացած այլ բարդություններից։ Ստացվում է՝ նախկինում 1 կգ կշիռ ունեցող ոչ բրենդային, օրինակ, ջինսե տաբատի գինը այժմյան 5000 դրամից թանկացել և դարձել է 6000 դրամ։ 

Ժամանակին «Նորֆոլկի» ստեղծումը միտված էր կարգոներով ՀՀ ներմուծվող ապրանքների փաստաթղթաշրջանառության կարգավորմանը: Մինչև կազմակերպության ստեղծումն ապրանքների ներմուծման ձևակերպման գործընթացը կազմակերպվում էր կարգո ընկերությունների կողմից, ինչի արդյունքում առկա էր իրական ներմուծող հարկատուների վերահսկման բարդություն, և ստվերի անվերահսկելիություն այս ոլորտում, քանի որ որպես ներմուծող՝ հանդես էր գալիս կարգո ընկերությունը, այնուհետև ապրանքների վաճառքի ճանապարհով այն հանձնում էր իրական ներմուծողներին՝ հիմնականում չպահպանելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթավորման կանոնները: Արդյունքում՝ այդ ապրանքների իրական սեփականատերերի շրջանառության վերահսկողությունը գրեթե անհնար էր։ 

Մեր հրապարակման մեջ նաև նշել էինք, որ ինչպես նախկինում, այնպես էլ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի հայտ գալուց հետո, կարգո ընկերությունները շարունակում էին իրականացնել ապրանքների բեռնափոխադրման ծառայությունների կազմակերպում, սակայն արդեն իրենք կապ չունեին ներմուծման ձևակերպումների հետ, և ապրանքաշրջանառությունը վերահսկվում էր։

Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ «Նորֆոլկ» ընկերության գործունեության դադարեցումից հետո հագուստի մաքսազերծման թանկացման մասին լուրերը չափազանցված են։ Ըստ Անանյանի, իրականում հագուստի, կոշկեղենի ներկրման 1 կիլոգրամի մաքսավճարը 3․25 ԱՄՆ դոլարից դարձել է 3․75 դոլար, իսկ մնացած ապրանքները մաքսազերծվում են ըստ տեսականու, և նույնիսկ շատ դեպքերում ապրանքների՝ ըստ տեսականու մաքսազերծումը նախկինում գործող սակագներից ավելի ցածր է կազմում: ՊԵԿ նախագահը նշել էր, որ որոշակի թանկացել է նաև բեռնափոխադրողի գումարը, ինչը բացատրվում է օրենքի դաշտ անցնելու հանգամանքով, թեև դա էլ ընդամենը 0․3 ցենտի մասին է խոսքը: Սակայն մաքսազերծման հետ կապված կրքերը չեն հանդարտվում։

Խնդիր, որը մտահոգում է մանր ու միջին հազարավոր ձեռնարկատերերի։

Խմբագրությունը դիմել էր ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին՝ հագուստի և հումքի (կտորեղեն, կաշի և այլն) մաքսազերծումն այսօր ինչպե՞ս է իրականացվում, նախկինի համեմատ ի՞նչ փոփոխություններ են եղել, այդ թվում՝ գնային, ինչո՞ւ չի հրապարակվում ապրանքների մաքսազերծման գների ցանկը, և արդյոք ՊԵԿ-ը մրցակցության խնդիր չի՞ տեսնում, երբ, օրինակ, «Ալեքս տեքստիլին» ներկրման ժամանակ մաքսազերծման արտոնություն է տրվում, և փոքր ու միջին արտադրողները հայտնվում են ոչ մրցակցային իրավիճակում, հետևաբար՝ փակման վտանգի առաջ։

ՊԵԿ-ից մեզ պատասխանել են, որ ինչպես արդեն հայտարարվել էր ՊԵԿ-ի կողմից` ցանկացած ապրանքի, այդ թվում՝ նաև հագուստի, մաքսային հայտարարագրումը պետք է իրականացվի ապրանքի օրինական իրավատիրոջ կողմից` ելնելով ապրանքի իրական քանակից, տեսականուց: 

«Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է նույն սկզբունքով` հաշվի առնելով ներմուծված ապրանքի տեսականին` հայտարարագրման ենթակա ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերով: Ընդ որում, ձևակերպման ընթացքում հայտարարատուից ճշտվում է ապրանքի որակը, ձեռքբերման արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը` համապատասխան մաքսային արժեք որոշելու նպատակով: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով տնտեսվարող սուբյեկտների շահերը, մաքսային մարմինը ստիպված կիրառում է այլընտրանքային մեխանիզմ, որտեղ հաշվարկը կատարվում է կիլոգրամով, բայց մաքսային ձևակերպումները կատարվում են ըստ տեսականու:

Վերոհիշյալ մոտեցմամբ հայտարարագրվում է ներմուծված հագուստի և կոշկեղենի որոշակի տեսականի, որոնց ընդհանուր մաքսային վճարները Թուրքիայից ներմուծելու դեպքում կազմում են 1 կգ-ի համար՝ 3.25 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ Չինաստանից ներմուծելու դեպքում՝ 3.75 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նշված գումարն իր մեջ չի ներառում ապրանքատիրոջ կողմից բեռնափոխադրողին վճարման ենթակա գումարը, որի հնարավոր թանկացումը կարող է պայմանավորված լինել այն բանով, որ բեռնափոխադրողը նույնպես ստանձնել է պարտականություն՝ իրականացնել տնտեսական գործունեություն բացառապես օրինական հարկային դաշտում: Հայտարարագրման ընթացքում որոշվող մաքսային արժեքը կանխորոշված չէ, այն որոշվում է՝ ելնելով կոնկրետ ապրանքի տեսականուց, առանձնահատկություններից, բաղադրությունից: 

Հայտարարագրման ընթացքում հաշվի առնելով վերոհիշյալ առանձնահատկությունները, որոշվում է ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, որին էլ համապատասխան ընտրվում է ապրանքի ԵԱՏՄ միասնական սակագինը, որը կիրառվում է հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքի նկատմամբ: Հաշվի առնելով վերոգրյալը, տեղեկացվում է, որ մաքսային մարմիններն ապրանքների մաքսային արժեքներ, անվանացանկեր չեն կարող հրապարակել, քանի որ մաքսային մարմիններում կանխորոշված արժեքներ չեն գործում, և համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի պահանջների` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է միայն այդ ապրանքների մաքսային սահմանը հատելիս:

Միաժամանակ տեղեկացվում է, որ ներմուծման ժամանակ մաքսատուրքերից ազատման արտոնությունը տրվում է ՀՀ կառավարության կողմից` օրենքով սահմանված կարգով»,- նշված է ՊԵԿ-ի պատասխանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս