Մակրոնը ԵՄ-ի ղեկավարներին համոզելու է Brexit-ի շուրջ գործարքի անհրաժեշտության հարցում. The Times Save
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Եվրամիության (ԵՄ) մյուս երկրների ղեկավարներին համոզել Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության հարցում:
Այդ մասին հայտնել է The Times թերթը: Նրա տվյալներով՝ Ֆրանսիայի ղեկավարը ձգտում է Ավստրիայում կայանալիք ԵՄ-ի հերթական գագաթնաժողովն օգտագործել եվրոպական դաշնակցային կապերի նոր կառուցվածքը ճշտելու համար:
«Նա (Մակրոնը) գործարքի բացակայության սցենարը դիտարկում է որպես այնպիսի մի բան, որը կխախտի կապերն ու հարաբերությունները այն ժամանակ, երբ Եվրոպան միավորված լինելու կարիք ունի ԵՄ-ի սահմաններից դուրս»,-հրատարակությունը մեջբերում է իր դիվանագիտական աղբյուրի խոսքը:
Օգոստոսի 27-ին Մակրոնը հայտարարել է, որ Brexit-ի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր չպետք է սպառնա ԵՄ-ի ամբողջականությանը: Սակայն դիվանագետները նշել են, որ նա անհանգստացած է ԵՄ-ից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու հեռանկարից, գրում է The Times-ը:
Իր հերթին Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հույս ունի, որ Եվրամիության՝ սեպտեմբերի 20-ին Զալցբուրգում կայանալիք գագաթնաժողովում հանրակցության առաջնորդները Brexit-ից հետո զիջումների կգնան անվտանգության եւ պաշտպանության հարցերում, քանի որ համագործակցության այս բնագավառը գտնվում է Լոնդոնի եւ Փարիզի շահերի ոլորտում, որոնք ցանկանում են պահպանել ռազմական սերտ հարաբերությունները:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: