Հայաստանն Ալբանիայի քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի ռեժիմ
Հայաստանի Հանրապետությունն Ալբանիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Այս մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:
Նախագծի նպատակն է ազատականացնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Ալբանիայի Հանրապետության հետ և նպաստել այդ երկրի քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն այցերի աճին:
Ակնկալվում է, որ որոշման ընդունումը թույլ կտա Ալբանիայի քաղաքացիներին այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
«Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար»,- ասված է հիմնավորման մեջ:
Ալբանիայի Հանրապետության քաղաքացիները 2010 թվականից ի վեր ազատված են Շենգեն երկրների մուտքի արտոնագրի պահանջից, ինչը վկայում է, որ այդ երկրից անկանոն միգրացիայի կառավարման քաղաքականությունը համապատասխանում է ԵՄ չափանիշներին:
Ալբանիան դեռևս 2013 թվականից ազատել է ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից, հետևաբար ՀՀ կառավարության կողմից սույն որոշման ընդունումը հետապնդում է հայ-ալբանական երկկողմ հարաբերություններում փոխադարձության սկզբունքի կիրառման նպատակ։