«Սահմանադրությունը փոխելու պատճառ չեմ տեսնում զուտ նրա համար, որ պարոն Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ». Շարմազանով

«Եթե գնանք Փաշինյանի տրամաբանությամբ, ուրեմն պետք է ամեն 6 ամիսը մեկ ընտրություններ անենք, որովհետև բան է փոխվել երկրում։ Որևէ մեկը չի կարող ասել՝ ինչ կարող է փոխվել երկու ամիս հետո»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա դեմ չէ բարեփոխումներին, սակայն սահմանադրական բարեփոխումների համար, ըստ նրա՝ նախ պետք է հնարավորություն տալ նոր Սահմանադրության պտուղները քաղել. «Մեկ տարվա մեջ ուզում եք Սահմանադրություն փոխել, ու նպատակն այն է, որ պարոն Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ վարչապետի պաշտոնից՝ մտահոգվելով, որ երբ հրաժարական տա, կարող է ԱԺ-ում դավադրություն լինել, ինչպես իրենք են ասում, և ընտրվել նոր վարչապետ»։

Հարցին՝ բացառո՞ւմ է այդ տարբերակը, Շարմազանովը պատասխանեց, որ քաղաքականության մեջ որևէ բան չի բացառում, բայց ևս մեկ անգամ շեշտեց, որ Սահմանադրությունը փոխելու պատճառ չի տեսնում զուտ նրա համար, որ Փաշինյանը մայիսի 8-ին չի ցանկանում հրաժարական տալ։

«Այս երեք ամսվա ընթացքում իրենք այնքան սխալ են արել, որ մեր սխալները կարող են փակվել՝ սկսած անվտանգությունից, արտաքին մարտահրավերներից։ Այսօր ամբիոնից հայտարարում են, որ հայ-ռուսական հարաբերությունները հրաշք ձևով զարգանում են, բայց որևէ բան չենք տեսնում։ Ոչ մի նախագահի ժամանակ ես չեմ տեսել ակնարկ, որ ԱԳ նախարարը մի բան ասում է, մեկ այլ բան անում. կենացներ ասելով չէ հայ-ռուսական հարաբերությունները։ Ես լուրջ մտահոգություն ունեմ նաև ՀԱՊԿ-ում։

Երեկ Լուկաշենկոյի հայտարարությունը հաստատեց, որ Հայաստանին որևէ մեկն օդից այդ պաշտոնը չի տվել, մենք արել ենք ամեն ինչ, որ այդ միջազգային կազմակերպությունում Հայաստանը ստանձնի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Եթե հետագայում դա անցնի այլ երկրի, ապա պատասխանատվությունը պետք է ընկնի Փաշինյանի կառավարության վրա»,- նկատեց նա։

Ռազմիկ Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս