Բաժիններ՝

Որքան ավելացված արժեք է ստեղծում գերփոքր և փոքր բիզնեսը Հայաստանում

ՀՀ Վիճակագրական կոմիտեն զեկույց է հրապարակել 2016 թվականին ՀՀ տնտեսության ավելացված արժեքի կառուցվածքի մասին՝ ըստ աշխատողների թվաքանակով որոշվող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների չափերի։

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ներքո գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի կողմից՝ Դանիայի և Լիտվայի վիճակագրական ծառայությունների փորձագետների օժանդակությամբ:

Եվ այսպես, ըստ զեկույցի, 2016 թվականին ձեռնարկատիրության գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից ստեղծված ավելացված արժեքը կազմել է 2 տրլն 38.5 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի 40.2%-ն է։

Այդ թվում, գերփոքր և փոքր ընկերությունները (մինչև 49 աշխատող ունեցող) ստեղծել են 901.1 մլրդ դրամի ավելացված արժեք, միջին չափի (50-ից 249 աշխատող) ընկերությունները՝ 385.2  մլրդ, իսկ խոշոր (250 և ավելի աշխատող) ընկերությունները՝ 752.2 մլրդ դրամի ավելացված արժեք։

Եթե դիտարկենք ըստ ոլորտների, գերփոքր և փոքր բիզնեսը ավելացված արժեք ստեղծում է հիմնականում առևտրի ոլորտում։ Այսպես, 2016 թվականին գերփոքր և փոքր բիզնեսի ստեղծած 901.1 մլրդ դրամ ավելացված արժեքից 346.4 մլրդ դրամը ստեղծվել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում։ Այսինքն՝ գերփոքր և փոքր բիզնեսի ստեղծած ավելացված արժեքի  38.4%-ը բաժին է ընկնում առևտրին և նորոգմանը։

Ավելին ասենք, գերփոքր և փոքր բիզնեսը մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում բացարձակ գերիշխող դիրք ունի՝ ըստ զեկույցի։

Այսպես, 2016 թվականին մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, ընդհանուր առմամբ, ստեղծվել է 461 մլրդ դրամի ավելացված արժեք, որից 75.1%-ը բաժին է ընկնում գերփոքր և փոքր բիզնեսին, 12.6%-ը՝ միջին, 12.3%-ը՝ խոշոր բիզնեսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս