Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Թեհրանը Կիևին մեղադրել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի հարվածելու համար, որի հետևանքով մեկ նավաստի զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրն անպատասխան չի թողնի այս հարձակումը։
«(Խմբ.՝ Ուկրաինայի նախագահ) Զելենսկին հարձակվել է իրանական առևտային նավի վրա՝ սպանելով մեկ նավաստու։ ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում, որը կատարվել է Իսրայելի հրահանգով՝ Եվրոպան իր պատերազմի մեջ ներքաշելու համար», – գրել է Արաղչին X հարթակում։
Արաղչին հավելել է, որ զրուցել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և հայտնել նրանց, որ Ուկրաինայի գործողությունը «չի կարող անպատասխան մնալ»։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 25-ին։ Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ երկաթով բեռնված նավը Ռուսաստանի Աստրախան քաղաքից ուղևորվում էր իրանական Անզալի։ Իրանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է հարձակումը և կանչել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Ըստ իրանական Tasnim գործակալության՝ գերատեսչությունն այս միջադեպը որակել է որպես «թշնամական և հանցավոր գործողություն», որը «ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների խախտում է և ագրեսիայի ակտ, այլև հստակ սպառնալիք է ներկայացնում Կասպից ծովի բոլոր ափամերձ պետությունների անվտանգության համար»։ Իրանի ԱԳՆ-ն շեշտել է, որ սա արտացոլում է «Կիևի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ»։
Իրանի արտգործնախարարությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ երկիրը «վճռականորեն կպաշտպանի իր ազգային անվտանգությունն ու շահերը և անպատասխան չի թողնի իր քաղաքացիների կյանքի և սեփականության դեմ ուղղված որևէ ագրեսիա»։
Հուլիսի 25-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, մեկնաբանելով զինվորականների վերջին հարվածները, հիշատակել էր նաև, որ խոցվել են նավեր, որոնք զբաղվում էին Իրանից ռազմական բեռների փոխադրմամբ։

