Ռուսաստանում ամեն ինչ անում են երկիրը պաշտպանելու համար, այդ թվում՝ Patriot-ից. Պեսկով
Մոսկվայից մեկնաբանել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգերի արտադրության լիցենզիա տրամադրելու հնարավորության մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Ռուսաստանը շատ լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները: Նա նշել է, որ ամեն բան արվում է երկիրը պաշտպանելու համար, այդ թվում՝ Patriot համակարգերից։
Նրա խոսքով՝ ամերիկյան դիրքորոշման մեջ կա երկակիություն՝ մի կողմից Ուկրաինային զենք է մատակարարվում, մյուս կողմից հակամարտության կարգավորման փորձ է արվում:
Պեսկովը նաև հույս է հայտնել, որ Իրանի հետ կապված իրավիճակի լուծումից հետո Վաշինգտոնը կվերսկսի ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ ջանքերը:
«Հույս ունենք, որ այն բանից հետո, երբ ամերիկացիներին հաջողվի կարգավորել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, չնայած զգալի բարդություններին, հերթը կհասնի ուկրաինական ուղղությամբ նրանց ջանքերի վերսկսմանը», – նշել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդմանը, որ Կիևի հարվածները միայն կմոտեցնեն խաղաղության կարգավորումը։
«Որքան շատ Կիևի ռեժիմը հարձակվի մեր ենթակառուցվածքների վրա, այնքան շատ մենք ստիպված կլինենք ստեղծել անվտանգության գոտիներ», – ասել է նա։
Խոսնակը շեշտել է, որ Ռուսաստանն անկեղծ է համարում ԱՄՆ-ի ցանկությունը՝ նպաստելու Ուկրաինայում խաղաղության գործընթացին և ողջունում է այն։
Պեսկովը Reuters լրատվական գործակալությանը տված մեկնաբանության մեջ նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ուկրաինական հարցի խաղաղ կարգավորման, բայց ունի բավարար ուժեր ինքնուրույն գործողությունների և «հատուկ ռազմական գործողության» շարունակման համար։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը սպառնալիք հայտարարելն ագրեսիվ գործողություն է, որը պարտավորեցնում է ՌԴ-ին մնալ ուժեղ և շարունակել իր քաղաքականությունը։
«Սա մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, վստահ լինել ինքնավստահ և շարունակել մեր հետևողական քաղաքականությունը։ Նախ՝ մեր երկրի զարգացման վերաբերյալ՝ տեխնոլոգիապես, տնտեսապես, և մեր շահերն ապահովելու ու պաշտպանելու ՆԱՏՕ-ի ագրեսիվ գործողությունների ֆոնին։ Որովհետև ինչ-որ մեկին հակառակորդ հայտարարելու գործողությունն ինքնին փաստացի ագրեսիվ գործողություն է», – «Վեստի»-ին ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համատեղ հռչակագրում Ռուսաստանը նշվել էր որպես եվրատլանտյան անվտանգության համար «երկարաժամկետ սպառնալիք»։

