Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինություն. ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո
Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 201 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Դատախազությունից հայտնում են, որ ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո:
Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին:
Դատախազի միջնորդագրերի հիման վրա, ի թիվս այլնի, ապամոնտաժվել են՝
Դատախազությունից հիշեցնում են, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են.
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին, հուլիսի 6-ին և 7-ին տեղեկացրել էր նաև, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև, ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև, ՊՈԱԿ-ի և Արայիկ Հայրապետյանի միջև, ՊՈԱԿ-ի և «Ռաֆիկ և Գոռ Գասպարյաններ» ՍՊԸ-ի միջև, ՊՈԱԿ-ի և «Սեդրակյան Հուսիկ և ընկերներ» ՍՊԸ-ի միջև, ՊՈԱԿ-ի և Խոսրով Ավետիսյանի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
«Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգության, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։ Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը:»,– ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։
Այսպիսով՝ ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝
Դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ,
Դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ,
Դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը:

