Վիսկոնսինում անսպասելի փոթորկից զբոսանավակ է շրջվել․ զոհվել է 13 տարեկանից փոքր երեք երեխա
Վիսկոնսին նահանգում, Ժնև լճում, հանկարծակի փոթորկի ժամանակ զբոսանավակի շրջվելու հետևանքով զոհվել է երեք երեխա, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով տեղական իրավապահ ծառայությանը։
Գերատեսչության տվյալներով, մասնավոր նավակում եղել են վեց մեծահասակ և չորս երեխա։ Նավակը դուրս էր եկել ջուր զբոսանքի համար, սակայն կարճ ժամանակ անց լճի շրջանում հանկարծակի և ուժեղ փոթորիկ է սկսվել, որը կտրուկ վատթարացրել է եղանակային պայմանները։
Անձնակազմը փորձել է նավակը ուղղել դեպի ափ, սակայն ուժգնացող քամու և բարձր ալիքների պատճառով նավակը լցվել է ջրով, շրջվել և խորտակվել։
Փրկարարները ժամանել են դեպքի վայր և կարողացել են ջրից դուրս բերել վեց մեծահասակի և մեկ երեխայի։ Մնացած երեք երեխաները հայտարարվել են անհետ կորած։
Լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներից հետո բոլոր երեքին հայտնաբերել և դուրս են բերել ջրից։ Չնայած տեղում ցուցաբերված օգնությանը և բժշկական հաստատություններ տեղափոխելու ճանապարհին իրականացված վերակենդանացման միջոցառումներին՝ երեխաներին փրկել չի հաջողվել։
Ոստիկանության տվյալներով, աղետի պահին նավակում գտնվող բոլոր չորս երեխաները փրկարարական բաճկոններ էին կրում։
CBS News Chicago հեռուստաալիքի տեղեկությամբ, զոհերը, ենթադրաբար, 13 տարեկանից փոքր էին։
Ողբերգության հանգամանքների քննությունը շարունակվում է։
Քննիչները նշում են, որ դեպքը տեղի է ունեցել արագ վատթարացող եղանակի պայմաններում և հիշեցնում են ջուր դուրս գալուց առաջ եղանակի կանխատեսումներին ուշադիր հետևելու, իսկ փոթորկի մոտենալու դեպքում անհապաղ ապաստան փնտրելու անհրաժեշտության մասին։

