ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Թրամփին ուղղված ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Ամենաջերմ շնորհավորանքներս եմ հղում Ձեզ, Ձեր ընտանիքին և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առիթով։

Այս տարվա տոնակատարությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ նշվում է Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակը՝ պատմական մի հանգրվան, որն արտացոլում է Հիմնադիր հայրերի կողմից ԱՄՆ-ի հիմքում դրված ազատության և անկախության արժեքների կենսունակությունը։ Դրա հետ մեկտեղ, Անկախության օրը խորհրդանշում է Միացյալ Նահանգների ժողովրդի հզոր ոգին և տոկունությունը, որոնց շնորհիվ է, որ միջազգային արդի հարաբե­րու­թյուններում և համաշխարհային կարևոր գործընթացներում Միացյալ Նահանգներն ունի առանցքային դերակատարություն։

Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամու­թյամբ՝ ուղղված խաղաղության, կայունության և բարեկեցության ամրապնդմանը։ Այս համատեքստում, պատեհ եմ համարում ընդգծել Ձեր հաստատակամ առաջնոր­դության կարևորությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղա­ղության գործում։

Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախա­գիծը, որի իրականացման ուղղությամբ մեր երկու երկրների աշխատանքը թևակո­խում է գործնական հարթություն, վստահաբար լինելու է այս խաղաղության կարևոր գրավականը և ճանապարհ է հարթելու դեպի առավել խաղաղ, փոխկապակցված և բարեկեցիկ տարածաշրջան։ Խաղաղության մասին խոսելիս, չեմ կարող չանդրա­դառնալ Ձեր կողմից նախաձեռնված Խաղաղության խորհրդին և դրան որպես հիմնադիր անդամ Հայաստանի անդամակցությանը, ինչը հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ և ԱՄՆ ընդհանուր տեսլականի ևս մեկ ապացույց է:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված համապարփակ ռազմավա­րական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն՝ ընդգրկելով փոխա­դարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նոր ոլորտներ։ Վստահ եմ, որ մեր համատեղ օրակարգի հետևողական իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և առաջըն­թաց։

Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաս­տիքը»:

Փոխնախագահին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

« Մեծարգո պարոն փոխնախագահ,

Ընդունեք խնդրեմ ամենաջերմ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առիթով։

Հուլիսի 4-ը ևս մեկ առիթ է արժևորելու ազատության և անկախության հիմնա­րար գաղափարները: Այս արժեքները ոչ միայն կազմում են ամերիկյան ինքնության հիմքը, այլև հանդի­սանում են այն գաղափարական հենարանը, որի վրա խարսխված Միացյալ Նահանգ­ները շարունակաբար իր կարևոր ներդրումն է ունեցել միջազ­գային խաղաղության և անվտանգության, ինչպես նաև գործընկեր երկրների հետ կուռ կապերի կառուցման գործում։

Պարոն փոխնախագահ,

Ջերմությամբ եմ հիշում ընթացիկ տարվա փետրվարին Հայաստան կատարած Ձեր այցը, որը կարևոր նշանակություն ունեցավ մեր երկրների միջև ձևավորված գործընկերության հետագա խորացման և ամրապնդման համար։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական, էներգետիկ, պաշտպանական և այլ ոլորտներում գործըն­կերությանը զարկ տալուց զատ՝ Ձեր այցը դարձավ Հայաստանի և Միացյալ Նահանգ­ների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ վստահու­թյան առհավատչյան՝ ստեղծելով նոր հնարավորություններ տարբեր ոլորտներում մեր կապերի ընդլայնման համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031