ԿԸՀ–ն պնդում է` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու իրավական հիմքեր չկան

Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության վերջնական ելքի վրա։ Սահմանադրական դատարանում ընթացող քննության շրջանակներում այս մասին հայտարարեց պատասխանող կողմի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` մանդատների բաշխման և արդյունքների ամփոփման վերաբերյալ ԿԸՀ որոշումներն ամբողջությամբ իրավաչափ են ու կայացվել են Ընտրական օրենսգրքի (ԸՕ) պահանջների խիստ պահպանմամբ։

ԿԸՀ նախագահի տեղակալն իր դիրքորոշման մեջ հղում արեց Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի առաջին մասին, որը հստակ սահմանում է վերաքվեարկություն անցկացնելու կամ ընտրություններն անվավեր ճանաչելու իրավական մեխանիզմները։ Ըստ այդ կարգավորման՝ ընտրությունները կարող են անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե արձանագրված խախտումների հետևանքները հնարավոր չէ շտկել առանձին տեղամասերում վերաքվեարկություն կազմակերպելու միջոցով։

«ԿԸՀ-ն գտնում է, որ ընտրության արդյունքները կարելի է անվավեր ճանաչել միայն այն պարտադիր պայմանով, որ թույլ տրված խախտումները բացառեն ընտրության իրական արժեքները որոշելու հնարավորությունը»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահի տեղակալը։

Նունե Հովհաննիսյանը շեշտեց, որ որևէ առանձին ընտրատեղամասում կամ տարածքում արձանագրված թերացումները չեն կարող ընդհանրացվել ամբողջ հանրապետության մակարդակով։

«Դրանք հիմք չեն հանդիսանում այլ տեղամասերում ևս նմանատիպ խախտումների առկայության մասին ենթադրություններ անելու կամ քվեարկության ընդհանուր վստահության աստիճանը կասկածի տակ դնելու համար։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշման հիմքում կարող են դրվել բացառապես իրավականորեն հաստատված ու ապացուցված այն կոնկրետ խախտումները, որոնք ունեցել են կամ ակնհայտորեն կարող էին ունենալ էական, վճռորոշ ազդեցություն ընտրությունների վերջնական պատկերի վրա»,– հավելեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930