Սա երկար սպասված ու շատ ողջունելի գործընթաց է. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը գրում է․
«Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության հաստատմանը կներկայացնի Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծ։
Ըստ իրաելական ԶԼՄ հաղորդագրությունների՝ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների շարունակ վատթարացման ֆոնին պաշտոնական Երուսաղեմն առաջիկայում կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
Եթե նման բանաձև իսկապես ներկայացվի և արժանանա կառավարության ու Կնեսեթի հավանությանը, ապա դա կարող է վկայակոչել Իսրայելի ռեգիոնալ քաղաքականության զգալի փոփոխությունների մասին։
Իմ խորհրդարանական աշխատանքի և բազմաթիվ շփումների փորձը վկայում է, որ տասնամյակներ շարունակ Իսրայելում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը մնացել է քննարկումների առարկա և հիմնականում հետաձգվել է Թուրքիայի հետ կապված քաղաքական, տնտեսական և դիվանագիտական հարաբերությունների պատճառներով։ Այդ հարաբերություններում առաջացած արդի ճգնաժամը կարող է ճանաչման պատճառ հանդիսանալ:
Սակայն կարևոր է հաշվի առնել, որ Իսրայելի արտգործնախարարի հայտարարության և Իսրայելի պետության կողմից փաստացի ճանաչման միջև կան մի քանի փուլեր.
- Բանաձևի նախագծի ներկայացում։
- Կառավարության և Կնեսետի կողմից դրա քննարկում և հաստատում։
- Պետական այլ կառույցների հետագա հնարավոր որոշումներ։
Ուստի այս պահին արված հայտարարությունը ոչ թե արդեն կայացած ճանաչման, այլ նախաձեռնության մասին է, որը հետագայում կարող է հանգեցնել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։
Սա երկար սպաաված ու շատ ողջունելի գործընթաց է»:

