Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը Գդանսկում անցկացվելիք Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովում (URC-2026)՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու փոխարեն։ Դրա մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում հունիսի 23-ին։
Ըստ Սվիրիդենկոյի՝ ուկրաինական պատվիրակության կազմում կընդգրկվեն բիզնեսի ներկայացուցիչներ, պետական ընկերությունների ղեկավարներ, տարածքային համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև կառավարության և խորհրդարանի անդամներ։ Նա նշել է, որ համաժողովի ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են Լեհաստանի, եվրոպական պետությունների և այլ գործընկերների հետ Ուկրաինայի համագործակցության ամրապնդմանը։
Վարչապետն ընդգծել է, որ Կիևն ակնկալում է ֆորումի արդյունքներով հասնել կոնկրետ պայմանավորվածությունների, որոնք կնպաստեն երկրի պաշտպանունակության ու դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Սպասվում է մի քանի կարևոր համաձայնագրերի ստորագրում, ներառյալ՝ էներգետիկայի ոլորտում։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահի գրասենյակից հայտնել էին, որ տեղեկություններ ունեն Գդանսկի համաժողովին չմասնակցելու Զելենսկու որոշման մասին՝ դիվանագիտական սկանդալի ֆոնին, որը կապված է ավելի վաղ Զելենսկուն Լեհաստանի ընտրված նախագահ Կարոլ Նավրոցկիի շնորհած պետական պարգևը չեղարկելու հետ։
Լեհաստանի կառավարությունում մինչև վերջին պահը հայտարարում էին, որ Զելենսկու՝ ուղևորությունից հրաժարվելու վերաբերյալ ազդակներ չեն ստացել։

