Ով թեկուզ 100 դոլար ընտրակաշառք է բաժանել, նա Նիկոլ է. մեր ուժը կաշառք չի բաժանել. Սամվել Կարապետյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայ բարերար, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր և «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը պատասխանել է մի քանի լրատվամիջոցների խմբագիրների հարցերին։
24News-ի տնօրեն Նարեկ Գալստյանն իր հարցադրումների համատեքստում նախ հիշեցրել է իշխանությունների հետաքրքրությունները, թե արդյո՞ք Սամվել Կարապետյանը շարունակելու է քաղաքական գործունեությունը, ավարտին հասցնելո՞ւ է կիպրական և ռուսական անձնագրերից հրաժարվելը, ապա նաև ճշգրտել․
«Դուք շարունակելո՞ւ եք Հայաստանում մնալ և քաղաքականությամբ զբաղվել՝ անկախ դատական գործընթացներով, և արդյո՞ք ավարտին եք հասցնելու միայն հայաստանյան անձնագիր ունենալու հարցը։
Այդ ընդդիմության խորհուրդը, որի մասին ասում եք, մոտավորապես արդեն պա՞րզ է, կարո՞ղ եք ասել անուններ, թե հրավերներ ում եք ուղարկելու։ Նախընտրական շրջանում ընդդիմադիր տարբեր ուժեր իրարից դիստանցավորվում էին, որպեսզի չմտնեն այդ նախկին-ներկա պատմության մեջ։ Արդյո՞ք հիմա այդ դիստանցավորումն այլևս չի լինելու։
Երբ ասում եք՝ հրավիրելու ենք Միացյալ Նահանգների, Եվրամիության տարբեր անդամ պետությունների դեսպաններին․․․ այս պրոցեսները վերջին ամիսների ցույց տվեցին, որ Փաշինյանն ունի Միացյալ Նահանգների և Եվրամիության բացարձակ աջակցությունը, և անգամ աղաղակող մարդու իրավունքների խախտումների հետ կապված մենք չտեսանք արևմտյան պետությունների որևիցե արձագանք, իմաստը ո՞րն է․ դուք իսկապե՞ս հույս ունեք, որ հիմա ինչ-որ բան փոխվի»։
Ի պատասխան՝ Սամվել Կարապետյանը նախ վստահեցրեց՝ ոչ միայն մնալու է, այլ իր պայքարը նոր թափ է հավաքելու։
«Դուք գիտեք՝ մինչև հիմա կալանավորված եմ և իմ անձնական հնարավորությունները սահմանափակված են, բայց իմ հնարավորությունների չափով ես ավելի ակտիվ մասնակցել եմ այս բոլոր պրոցեսներին։
Ինչ վերաբերում է անձնագրերին, մենք պրոցեսը սկսել ենք, որ օրը դրա անհրաժեշտությունը կլինի, այդ պրոցեսի ավարտն արդեն եղած կլինի»,- մանրամասնեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը։
Խոսելով հավաքական ընդդիմության առաջնահերթությունների մասին՝ նա նկատեց, որ առաջին հարցը Փաշինյանի հեռացումն է, «մեր երկրի, մեր ժողովրդի նվաստացման պրոցեսի կանգնեցումն է»։
«Այս մարդը շարունակում է նվաստացնել մեր երկիրը, մեր ժողովրդին նվաստացնել իր ցինիկությամբ։ Ամեն քայլ, ինչն ինքն անում է, դրանից հայ ժողովուրդը տուժում է։
Թե ինչո՞ւ են մեզ համար կարևոր այդ միջազգային կառույցները և դեսպանները՝ որ հասկանան այն պրոցեսները, որը, իրոք, կատարվում է Հայաստանում։ Իրենք հարցի մի կողմին են նայում․ իրենց ձեռնտու է հակառուս Փաշինյանը։ Բայց հայ ժողովրդին ձեռնտու չէ։ Նրանք պետք է լսեն․ միգուցե իրենք չեն էլ պատկերացնում՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում, միգուցե իրենք չե՞ն պատկերացնում, որ իրենց օգնությամբ այս մեխանիզմը ոչնչացնելու է Հայաստան պետությունը, նորից եմ ասում՝ առաջին քրիստոնեական պետությունը։
Եվ մեկ այլ շատ կարևոր հարց, որը պետք է դնի այդ խորհուրդն իր առջև, դա պահանջն է՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, քանի որ բոլորս հասկանում ենք, որ այս մարդկանց մեղքը 0 է․ իրենք հորինեցին այդ ընտրակաշառքների թեման, որպեսզի այդ ընթացքում իրենք հանգիստ բաժանեն պետության բյուջեով ընտրակաշառքներ։
Բոլորս հասկանում ենք՝ այդ մոլորված մարդիկ, նորից խաբված մարդիկ ինչի՞ համար ձայն տվեցին Փաշինյանին։ Ու բացի այն մարդկանցից, ովքեր չեն տվել, այլ՝ ընդամենը նկարված ձայներ են։ Սակայն մարդիկ տվել են ձայն Փաշինյանին․ իրենց հիմնական պատճառը, որ տվել են, իրենց ընտրակաշառքներն են։ Սա էր իրեն ձայն բերում։ Ուրիշ ինչի՞ դիմաց հայ մարդը պետք է Փաշինյանին ձայն տա։ Ես չեմ պատկերացնում՝ այսքան չարիք ու կործանում բերած մարդն ինչի՞ դիմաց պետք է քվե ստանա։ Դրա համար իրենք հորինեցին մի քանի քանի թեզեր, որոնք ոչ մի կապ չունեն, համենայնդեպս, ես մեր ուժի կողմից վստահ ասում եմ՝ չի եղել ոչ մի դեպք, նույնիսկ կարող եմ ասել՝ ով մեր կուսակցության կողմից ընտրակաշառք, թեկուզ 100 դոլար, բաժանել է, նա Նիկոլ է»,- մանրամասնեց Սամվել Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում

