Հարավային Կորեայի նախագահը պատերազմ է հայտարարել համացանցում ատելության լեզվի դեմ

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը կոչ է արել հանրային քննարկում սկսել համացանցում վիրավորական և սադրիչ բովանդակություն հրապարակող օգտատերերի դեմ առավել խիստ միջոցներ կիրառելու վերաբերյալ: Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում այն հաղորդումներից հետո, ըստ որոնց՝ երիտասարդները, որոնք ենթադրաբար կապված են Ilbe ծայրահեղ աջակողմյան համացանցային համայնքի հետ, սադրիչ ակցիաներ են կազմակերպել նախկին նախագահ Նո Մու Հյոնի հիշատակի արարողության վայրի մոտ, գրում է Yonhap-ը:

Ըստ Լի Չժե Մյոնի, հասարակության մեջ տարբեր կարծիքներ կան այն մասին, թե արդյոք ծաղրանքի ու վիրավորանքների վրա հիմնված նման արտահայտությունները պետք է պաշտպանված լինեն խոսքի ազատության իրավունքով, թե դրանց համար անհրաժեշտ է սահմանել պատժամիջոցներ, այդ թվում՝ քրեական պատասխանատվություն:

Ilbe-ն հարավկորեական համացանցային համայնք է, որը հայտնի է ծայրահեղ արմատական քաղաքական հայացքներով, կատաղի հակականացի հրապարակումներով, ռասիստական արտահայտություններով և ատելության խոսքով:

Նախագահը հայտարարել է օրենսդրության խստացման անհրաժեշտության մասին և առաջարկել է քննարկել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են վիրավորական հրապարակումների համար պատիժը, ինչպես նաև տուգանային փոխհատուցումների սահմանումը: Բացի այդ, նա հիշատակել է նմանատիպ համացանցային ֆորումների հնարավոր փակման վերաբերյալ շարունակվող քննարկումները:

«Ի՞նչ եք կարծում… Հարցը կբարձրացնեմ նաև նախարարների կաբինետի նիստում»,- գրել է Լի Չժե Մյոնը:

Նախագահի հայտարարությունը հնչել է Starbucks Korea-ն քննադատելուց մեկ օր անց. վերջինիս 2024 թվականի գովազդային արշավը քննադատները կապել են «Սեվոլ» լաստանավի ողբերգության հետ:

2024 թվականի ապրիլի 16-ին՝ աղետի տարելիցի օրը, որը խլել էր ավելի քան 300 մարդու կյանք (հիմնականում՝ դպրոցականների), ընկերությունը ներկայացրել էր Siren Classic Mug Collection բաժակների հավաքածուն: Քննադատները «Siren» բառի օգտագործումն անտեղի են համարել, քանի որ հին հունական դիցաբանության մեջ սիրենները ասոցացվում են այն էակների հետ, որոնք նավաստիներին դեպի մահ էին տանում:

Բացի այդ, ցանցն ավելի վաղ քննադատության էր ենթարկվել 1980 թվականի ժողովրդավարական ապստամբությունը զինվորականների իրականացրած ճնշման տարելիցին Tank Day կոչվող ակցիա անցկացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031