ԱՄՆ-ն բանտարկյալների ազատ արձակումը պատճառ չի համարում Բելառուսի դեմ պատժամիջոցները մեղմացնելու համար
Բելառուսի քրեակատարողական հիմնարկներից բանտարկյալների հերթական խմբի ազատ արձակումը և Լեհաստանի հետ նրանց փոխանակումը չի ենթադրում Բելառուսի դեմ պատժամիջոցների հետագա վերացում: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս»-ից, այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քոուլը։
«Ի տարբերություն քաղաքական բանտարկյալների ազատ արձակման նախորդ դեպքերի՝ այս անգամ խոսքը Բելառուսի դեմ հետագա պատժամիջոցների վերացման մասին չէ», – ասել է նա։
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ (խմբ.՝ Բելառուսի նախագահ) Լուկաշենկոյի հետ, իհարկե՝ դիվանագիտական նպատակներով», – նշել է Քոուլը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի նպատակը «Բելառուսի միացումն է ազգերի ընտանիքին և բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը»։
Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը քննարկում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնարավոր այցն ԱՄՆ, նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը պատասխանել է, որ դա «հնարավոր է և քննարկվում է», բայց դեռևս որոշում չի ընդունվել։
Քոուլն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և անձամբ Դոնալդ Թրամփը կարևոր դեր են խաղացել ապրիլի 28-ին Բելառուսի և Լեհաստանի սահմանին «հինգը հինգի դիմաց» ձևաչափով բանտարկյալների փոխանակման գործում։
Մարտի 19-ին Մինսկում Քոուլի հետ Լուկաշենկոյի բանակցություններից հետո հայտնի դարձավ, որ ներում է շնորհվել 250 մարդու, որոնք դատապարտվել էին ծայրահեղական ուղղվածությամբ հանցագործությունների համար և պատիժ էին կրում Բելառուսի քրեակատարողական հիմնարկներում:
Լուկաշենկոն հայտարարել է «քաղբանտարկյալների» հարցով ԱՄՆ-ի հետ առկա պայմանավորվածություններին հետևելու պատրաստակամության մասին, չնայած նա պնդում է, որ հանրապետությունում չկա բանտարկյալների նման կատեգորիա։



