ԵՄ-ն ուսումնասիրում է Իրանի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը․ Repubblica
Բրյուսելում քննարկում են Թեհրանի հետ երկկողմ բանակցություններ սկսելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է La Repubblica պարբերականը, Եվրոպայի հիմնական նպատակն է լուծել սեփական էներգետիկ խնդիրները՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու միջոցով։
Հրապարակման համաձայն՝ Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և մի շարք կառավարությունների ղեկավարների միջև ոչ պաշտոնական մակարդակով քննարկվում է ԵՄ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև ուղիղ դիվանագիտական կապ հաստատելու գաղափարը։ Այդուհանդերձ, կան մի քանի լուրջ խոչընդոտներ, այդ թվում՝ փետրվարին Եվրամիության կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու որոշումը։ Բացի այդ, նրանք կպահանջեն, որ Իսրայելը դադարեցնի Իրանում, Լիբանանում և Պաղեստինում իրականացվող ռազմական գործողությունները։ Ինչպես նշում է պարբերականը, միության անդամ բոլոր 27 երկրները չէ, որ համաձայն են այս մտքին։
Ըստ պարբերականի՝ Եվրամիությունը հույս ունի ՆԱՏՕ-ի այլընտրանք դառնալ գոնե Հորմուզի նեղուցի հարցում։ Իրանական կողմը ոչ մի պարագայում չի համաձայնի նեղուցի վերահսկողությունը զիջել ամերիկացիներին։ Հետևաբար, ի պատասխան սեփական էներգակիրների մատակարարման մասին հոգ տանելու Դոնալդ Թրամփի կոչերին, եվրոպացիները կարող են Թեհրանի հետ համաձայնության գալ նեղուցում «բացառապես եվրոպական դրոշի ներքո» նավերի ներկայության շուրջ։
Հորմուզի նեղուցը փաստացի փակ է մնում ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների հետ կապ ունեցող երկրների նավերի համար։ Եվրոպայում վառելիքի դեֆիցիտի իրական սպառնալիք է առաջացել։



