Բաժիններ՝

Հայաստան-Բելառուս․ առանց «ընկերական» տրամադրության. նոր դեմքեր, հին մոտիվացիա

Մարտի 29-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականները դուրս կգան խաղադաշտ. խաղը թղթով «ընկերական» է, բայց տրամադրությամբ՝ ամենևին ոչ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին, իսկ մրցավարական անձնակազմը գլխավորում է մոլդովացի Դումիտրու Մունտյանը, որին եզրերում կօգնեն Վլադ Լիֆչունն ու Վադիմ Վիկոլը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Հենրիկ Նալբանդյանը։

Խաղից առաջ ուշադրության կենտրոնում է Բելառուսի հավաքականի երիտասարդ հարձակվող Կարեն Վարդանյանը։ Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը, որը նախկինում դիտարկվում էր նաև Հայաստանի հավաքականում խաղալու տեսանկյունից, բացատրել է իր ընտրությունը՝ ընդգծելով, որ իրեն բելառուս է զգում, թեև հարգում է իր հայկական արմատները։ Երևանում գտնվելը նրա համար առաջինն է, և, իր խոսքով, արդեն հասցրել է հավանել քաղաքը։

22-ամյա հարձակվողը նորամուտն արդեն նշել է՝ մասնակցելով Կիպրոսի դեմ խաղին, որտեղ Բելառուսը հաղթել էր նվազագույն հաշվով։

Մարզիչների մոտեցումը՝ փորձարկումներ առանց անակնկալների

Բելառուսի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն ակնարկել է, որ այս խաղում առաջնայինը ֆուտբոլիստների ֆիզիկական և խաղային վիճակի գնահատումն է․ նա պատրաստվում է խաղաժամանակ տրամադրել հնարավորինս շատ խաղացողների և չի խոստանում տակտիկական անակնկալներ։

Մյուս կողմից, Հայաստանի հավաքականում տրամադրությունը լրիվ այլ է։ Պաշտպան Նաիր Տիկնիզյանը հստակ ձևակերպել է թիմի մոտեցումը՝ «ընկերական խաղեր հավաքականի համար չկան»։ Նրա խոսքով՝ թիմը դուրս է գալիս խաղադաշտ միայն հաղթելու համար և ցանկանում է հաղթանակ նվիրել երկրպագուներին։

Տիկնիզյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի հավաքականը հիմա ունի երիտասարդ, բայց խոստումնալից կազմ, ինչը երկարաժամկետ առումով մեծ ներուժ է ստեղծում։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ վարկանիշային առումով երկու հավաքականներն էլ մոտ են իրար, ինչը խոստանում է հավասար ու լարված պայքար։

Ազգային հավաքականում մեծ փոփոխությունների փուլում ենք. Եղիշե Մելիքյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելառուսի ազգային թիմի հետ ընկերական խաղում հիմնականում փորձարկումներ կանի. «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Մելիքյանն այդ մասին ասաց լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ընկերական խաղերի համար մրցակիցներին ես եմ ընտրել: Մենք պետք է աշխատենք, որ հաղթենք՝ այդպիսով ոգևորելով մեր երկրպագուներին, որ գան մարզադաշտ»,- ասաց նա:

Խոսելով հավաքական հրավիրված 6 նորեկների մասին` Մելիքյանն ընդգծեց, որ նրանք իրենց հետ մեծ փոփոխություններ կբերեն ազգային թիմին:

«Ընդհանուր կարող եմ ասել, որ ազգային հավաքականում մեծ փոփոխություններ են, այդպես ստացվեց։ Կային ֆուտբոլիստներ, որ ժամանակն էր, որ նրանք գնային ազգային հավաքականից, և կան ֆուտբոլիստներ, որոնց հավաքական գալու ժամանակն է։ Մենք այդ փուլում ենք, դրա համար պետք է լավատես լինել, համբերատար լինել և աշխատել»,- նշեց Մելիքյանը։

Թղթով ընկերական, բովանդակությամբ՝ սկզբունքային․ Երևանում սպասվում է խաղ, որտեղ փորձարկումները կխառնվեն իրական մրցակցությանը, իսկ խաղացողների համար սա կլինի ոչ միայն մարզավիճակի ստուգում, այլև ինքնահաստատման հնարավորություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031