Իոսիֆ Ստալինի կյանքի վերջին օրերը․ առողջական վիճակի և բուժման բացառիկ մանրամասները՝ խորհրդահայ մամուլում

1953 թվականի մարտի 1-ին Իոսիֆ Ստալինը գտնվում էր Մոսկվայի շրջանի՝ Կունցևոյի ամառանոցում: Նույն օրը նա հայտնաբերվել է պահակախմբի աշխատակից Լոզգաչյովի կողմից՝ փոքր ճաշասենյակում գետնին ընկած վիճակում։ Արդեն իսկ հաջորդ օրը՝ մարտի 2-ի առավոտյան, ամառանոց են ժամանել բժիշկները:

Մարտի 4-ին պաշտոնապես հայտարարվել է Ստալինի հիվանդության մասին։ Ռադիոյով պարբերաբար հաղորդվում էին նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ:

Տեղեկություններում նշվում էին Ստալինի հիվանդության  ախտանշանները՝ գիտակցության կորուստ, ինսուլտ, մարմնի պարալիզ և այլ բարդություններ։ Նույն շրջանում Խորհրդային Միության ամբողջ տարածքում թերթերը սկսում են ամենօրյա ռեժիմով մանրամասներ հայտնել Ստալինի հիվանդության, առողջական վիճակի և բուժման մասին: Խորհրդային Հայաստանում ևս տեղական թերթերը՝ անկախ իրենց բովանդակությունից, ողողված էին Ստալինի առողջական վիճակի մասին լուրերով: Խորհրդահայ մամուլը հայտնում էր բոլոր մանրամասները, որոնք կապված էին Ստալինի հետ.

«1953 թ. մարտի լույս 2-ի գիշերը Ի. Վ. Ստալինի հետ տեղի ունեցավ հանկարծակի արյունազեղում ուղեղում, որն ընդգրկեց ուղեղի կենսականորեն կարևոր մասերը, դրա հետևանքով վրա հասավ աջ ոտքի և աջ ձեռքի կաթված՝ գիտակցության ու խոսելու ընդունակության կորուստով»: («Սովետական ուսանողություն», 1953, N 10):

Մարտի 2-ին տեղի ունեցած իրադարձությունից հետո մանրամասն նշվում էր արդեն Ստալինի առողջական վիճակը մարտի 4-ի դրությամբ: Թերթերը գրում էին բառի ուղիղ իմաստով բոլոր մանրամասները.

«Մարտի 4-ի ընթացքում անց են կացվել թթվածին ներմուծելու, կամֆորային պրեպարատներ, կոֆեին, ստրոֆանտին և գլյուկոզա տալու բուժիչ միջոցառումներ: Երկրորդ անգամ արյուն է վերցվել տզրուկների միջոցով: Բարձր ջերմաստիճանի և բարձր լեյկոցիտոզի կապակցությամբ ուժեղացված է պենիցիլինային բուժումը: Մարտի լույս 5-ի գիշերը Ի. Վ. Ստալինի առողջության վիճակը շարունակում է մնալ ծանր: Հիվանդը գտնվում է սոպորոզ (խոր անզգայության) վիճակում: Նրա շնչառության ներվային կարգավորումը, ինչպես նաև սրտի գործունեությունը մնում են խիստ խանգարված»: (Նույն տեղում):

«Մարտի 4-ի գիշերվա մոտ ժամը 2-ին Ի. Վ. Ստալինի առողջության վիճակը շարունակում է մնալ ծանր: Նկատվում են շնչառության զգալի խանգարումներ, շնչառության հաճախականությունն է րոպեում մինչև 36, շնչառության ռիթմը անկանոն է՝ պարբերաբար երկարատև պաուզաներով: Նկատվում է զարկերակի հաճախացում րոպեում մինչև 120 զարկ, լրիվ առիթմիա, արյան առավելագույն ճնշումը 220 է, նվազագույնը՝ 120»: (Նույն տեղում):

Այս բոլոր մանրամասներից հետո, արդեն իսկ թերթերը գրում են Ստալինի մահվան մասին: Դրանից զատ արդեն իսկ տպագրվում են ամբողջական հոդվածներ, թե ինչպես սկսեց Ստալինի առողջական վիճակի վատթարացումը, այդ մի քանի օրերի ընթացքում ինչպես էր նա: Գրվում է նաև մահվան նախնական, պաշտոնական վարկածն ու բժշկական ամբողջական եզրակացությունը.

«Բժշկական եզրակացություն Ի. Վ. Ստալինի հիվանդության և մահվան մասին

Մարտի լույս երկուսի գիշերը Ի. Վ. Ստալինի հետ տեղի ունեցավ արյունազեղում ուղեղում (նրա ձախ կիսագնդում) հիպերտոնիկ հիվանդության և արտերոսկլերոզի հողի վրա: Դրա հետևանքով առաջ եկան մարմնի աջ կեսի կաթված և գիտակցության կայուն կորուստ:

Հիվանդության առաջին իսկ օրը հայտնաբերվեցին շնչառության խանգարման նշաններ ներվային կենտրոնների ֆունկցիայի խախտման հետևանքով: Այդ խախտումները օրեցօր աճում էին, դրանք ունեին այսպես կոչված պարբերական շնչառության բնույթ երկարատև պաուզաներով (Չեյն-Ստոքսի շնչառություն): Մարտի լույս երեքի գիշերը շնչառության խանգարումներն սկսեցին ժամանակ առ ժամանակ սպառնալի բնույթ ստանալ:

Հիվանդության հենց սկզբից հայտնաբերվեցին նաև զգալի փոփոխություններ սրտանոթային սիստեմում, այն է՝ արյան բարձր ճնշում, զարկերակի ռիթմի հաճախացում և խախտում (շողացող առիթմիա) և սրտի լայնացում: Շնչառության և արյան շրջանառության աճող խանգարումների կապակցությամբ արդեն մարտի երեքից երևան եկան թթվածնային անբավարարության նշաններ: Հիվանդության առաջին օրվանից ջերմաստիճանը բարձրացավ և սկսեց նկատվել բարձր լեյկոցիտոզ, որ կարող էր ցույց տալ բորբոքման օջախների զարգացում թոքերում:

Հիվանդության վերջին օրը, ընդհանուր վիճակի խիստ վատթարացման հետ միասին, սկսվեցին սրտանոթային ծանր սուր անբավարարության կրկնվող նոպաներ (կոլլապս) էլեկտրակարդիոգրաֆիական հետազոտությունը թույլ տվեց հայտնաբերել արյան շրջանառության սուր խանգարում սրտի պսակաձև անոթներում՝ սրտամկանի օջախային ախտահարությունների գոյացմամբ:

Մարտի հինգի ցերեկվա երկրորդ կեսում հիվանդի վիճակն սկսեց հատկապես արագ վատանալ, շնչառությունը դարձավ մակերեսային և խիստ հաճախակի, զարկերակի հաճախականությունը հասավ րոպեում 140-150 զարկի, զարկերակի արյունալեցումն ընկավ: Ժամը 21-ից 50 րոպե անց, սրտանոթային և շնչառական աճող անբավարարության երևույթների հետևանքով, Ի Վ. Ստալինը վախճանվեց»: («Սովետական ուսանողություն», 1953, N 10):

Ստալինի մահվան մասին պաշտոնապես հաղորդվում է ռադիոյով՝ 1953 թվականի մարտի 6-ի առավոտյան: Մարտի 6-9-ը հայտարարվում է սուգ: Թաղումը տեղի է ունենում մարտի 9-ին: Ստալինը թաղվում է Կրեմլի պատի պանթեոնում:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031