ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՓՈՂՈՑՈՒՄ. ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` ՀՈՒՆԻՍԻ 7

Նախընտրական ողջ մթնոլորտն ու ընդդիմության մեծ մասի քարոզչական օրակարգը կառուցված է հունիսի 7-ին իշխանափոխության՝ համարյա արդեն իսկ կայացած փաստ լինելու թեզի շրջանառության վրա։ Այնպես չէ, որ դա ուղղակի դատարկ կարգախոս է։

ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի պարտության մասին խոսելով՝ բոլորը հղում են անում տարբեր սոցիոլոգիական հարցումներով իշխանության խայտառակ ցածր վարկանիշին, հանրային վստահության տոտալ բացակայությանը։ Այս առումով ընդդիմությունը հանրության հետ անազնիվ չէ։ Սակայն կա մի վերապահում, որը բոլոր նման կանխատեսումները դարձնում է անիրական։

Վարկանիշների հիման վրա Փաշինյանի պարտության անխուսափելիության թեզը կենսունակ կարող է լինել միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերեր իսկապես ժողովրդավարական իշխանությանը, որը պարտության դեպքում պատրաստ է ընդունել իրողությունն ու հեռանալ։ Բայց նման բան ակնկալել մի իշխանությունից, որը բոլոր հնարավոր պարտություններից երջանկանում է միայն Ադրբեջանից կրած պարտությունից ու ամեն անգամ հեռանում է վերջինիս պահանջած դիրքերից, քաղաքական ինֆանտիլիզմ է։

Տեխնիկապես ինչպես տեղի կունենա իշխանության չհանձնումը՝ բացահայտ ընտրակեղծիքնե՞ր, բռնություննե՞ր, թե՞ ուղղակի ցանկալի արդյունքների հրապարակում, երկրորդական է։ Ընտրությունների կեղծիքների մասին նախկինում «մտահոգություն հայտնող» ու դրանց «լեգիտիմության» լիցենզիա տրամադրող Արևմուտքն այսօր համարյա նախընտրական շտաբի մակարդակով լծված է ՔՊ-ի քարոզարշավին։

Կարդացեք նաև

Ասվածը չի նշանակում, թե իշխանափոխության որևէ հնարավորություն չկա և պետք է հանձնվել՝ ի դեմս ընտրությունների, գլխավոր մարտը դեռ չսկսած։ Իշխանափոխության իրական շանս կա, այն տարբերությամբ, որ այն ոչ թե հունիսի 7-ին է ու ընտրատեղամասում, այլ դրանից առաջ և փողոցում։

Հակառակ դեպքում, անկախ քվեարկության արդյունքներից, Փաշինյանը պահպանելու է իշխանությունը, եթե անգամ ուղիղ եթերում կծի իր պարտությունն ազդարարող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որևէ ցուցամատ։

Այս իրողության մասին են վկայում նաև իշխանության քայլերը, որոնք որևէ աղերս չունեն ընտրական ձայն ու հանրային վստահություն ակնկալող կառավարող ուժի նախընտրական տրամաբանության հետ։ Օրինակ, նախօրեին Ալեն Սիմոնյանը ստորագրել է հերթական կարգադրությունը, որով ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի անդամները ստանալու են հերթական պարգևավճարը։

Երկրում, որտեղ վերջին տարիներին ու հատկապես վերջին ամիսներին ամենաքննարկվող թեման պաշտոնյաների՝ այլասերման աստիճանի հասնող պարգևավճարներն են, ընտրություններից առաջ նման քայլի դիմելը քաղաքական ինքնասպանությանը հավասար գործողություն է։ Բայց սա ցույց է տալիս, որ իշխանությունը թքած ունի հանրային կարծիքի ու ընտրական քվեների քանակի վրա, և իր ամենաթքունակ ներկայացուցչի միջոցով վճարում է նրանց, ովքեր կրծքով ու մնացած մարմնամասերով մասնակցելու են հունիսի 7-ին Փաշինյանի՝ ամեն օրվա հետ ակնհայտ դարձող էլեկտորալ պարտությունը քաղաքական հաղթանակի վերածելու կեղտոտ գործընթացին՝ անձնական և խմբային լափի շարունակականությունն ապահովելու համար։

Իշխանության գերխնդիրն է՝ ընդդիմությանն ու հասարակությանն ամեն կերպ տանել ընտրատեղամաս։ Ընդդիմությունը պետք է կարողանա ամեն կերպ փողոց իջեցնել իշխանությանը մինչև ընտրությունները։

Հայտնի ու հայկական քաղաքական խոսույթում ավանդաբար օգտագործվող «իշխանությունը փողոցում գցած է» արտահայտությունը հիմա շատ մոտ է իրականություն դառնալուն։ Բայց մինչև այս պահը Փաշինյանն անում է այն փողոցից տեղամաս հասցնելու համար, իսկ ընդդիմությունը լավագույն դեպքում մտածում է հունիսի 7-ից հետո փողոց դուրս գալու մասին։

Իսկ դա լինելու է «Մանանեխ՝ ճաշից հետո» պարագան, որը, հաշվի առնելով Փաշինյանի վերջին գաստրոնոմիական նախասիրությունները՝ կարող է վերափոխվել լավագույն դեպքում «Մանանեխ՝ փիփերթով ճաշից հետո» այլաբանության, բայց ոչ երբեք՝ իշխանափոխության։ 

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031