Հայկական սուվերեն տարածքները դիվանագիտության միջոցով կվերադառնան Հայաստանին. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը իրենց անվտանգային ծրագրի մանրամասներն է ներկայացրել լրագրողների հետ զրույցում և անդրադարձել «խելացի սահմաններ» համակարգի ներդրման առավելություններին։
«Մասնագետների ներկայացմամբ, սահմանային առաջին կետերում հիմնականում տեղակայվում են տեխնիկական միջոցներ, որոնք վերահսկում են մինչև 25 կմ խորությամբ հակառակորդի կամ սահմանակից տարածքի շարժը և կարող են որոշ ժամանակ կանխարգելիչ տեղեկություն փոխանցել, որպեսզի հիմնական ուժերը դիրքեր բարձրանան միայն անհրաժեշտության դեպքում։ Փաստացի, աշխարհը անցում է կատարում «խելացի սահմաններ» համակարգին, որը տեղյակ է պահում կենտրոնական շտաբին և նոր այդ պահին գործուղվում են հատուկ խմբեր»,- մանրամասնել է նա։
Նարեկ Կարապետյանը ընդգծել է, որ իրենց անվտանգային ծրագրի այս և այլ դրույթները կիրագործվեն, իսկ պաշտպանական համակարգի վերափոխման համար քաղաքական կամք է անհրաժեշտ։
«Այնինչ այսօր մենք տեսնում ենք, որ առկա է ավելի շատ ցուցադրական կամք, քան խորքային»,- ասել է նա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը Հայաստանից օկուպացված տարածքների խնդրին է նաև անդրադարձել՝ շեշտելով՝ Ջերմուկը միշտ եղել է խաղաղ Հայաստանի խորհրդանիշը, երբեք սահմանային դիրք չի ունեցել, սակայն այսօր դարձել է սահմանային տարածք։
«Սա ընդգծում է մեր առջև եղած մարտահրավերների լրջությունը։ Տուրիստական կենտրոններից մեկը, որը նախկինում առավել հագեցած էր զբոսաշրջային գործունեությամբ, դարձել է ռազմավարական նշանակության սահմանային կետ, հակառակորդը ներխուժել է Երևանի չափով տարածք՝ հայկական սուվերեն տարածքում։ Վերջին 8 տարիների դիվանագիտական ձախողումները և սխալ արտաքին քաղաքականությունը հանգեցրել են Ջերմուկի և այլ տարածքների հետ կապված խնդիրների։ Սակայն մենք տեսնում ենք, որ այդ տարածքները կարող են վերադարձվել դիվանագիտության միջոցով, քանի որ դրանք հանդիսանում են հայկական սուվերեն տարածքներ»,- ասել է Կարապետյանը։



