Հայկազը եղել է ռազմական գործողությունների կիզակետում. լույս է տեսել նրա հիշատակին նվիրված գիրքը
Առնո Բաբաջանյանի համերգասրահի նախասրահում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը։
Գիրքը կազմվել է նրա հարազատների, ընկերների, զինակիցների, հրամանատարների հիշողությունների հիման վրա՝ ներկայացնելով Հայկազի կյանքը, արժեքներն ու հերոսական մարտական ուղին։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց գրքի ստեղծման պատմությունը, հնչեցին հիշողություններ Հայկազի մասին։ Շնորհանդեսին ներկա էին նրա հարազատները, ընկերները, զինակիցներն ու հրամանատարները։

Միջոցառման շրջանակում ցուցադրվեց նաև փաստավավերագրական ֆիլմ Հայկազ Մկրտչյանի կյանքի և 2 պատերազմներում նրա անցած մարտական ուղու մասին։
Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։ Ավարտել է Գեւորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը։ Ավագ դպրոցին զուգահեռ սովորել է նաև Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի նախապատրաստական կուրսում։
2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։ Ծառայում էր Տավուշի, Մեհրաբ զորամասում: 2018 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Կրտսեր սերժանտ էր, ականանետային հաշվարկի հրամանատար:

Հուլիսյան մարտերին Հայկազը եղել է ռազմական գործողությունների կիզակետում, իր մաթեմատիկական մտածողության եւ արագ հաշվելու կարողությամբ, կարողացել է պատճառել հակառակորդի կենդանի ուժի մեծ կորուստ, արժանացել է Մարտական Հերթապահություն մեդալին:
Հայկազ Մկրտչյանը մասնակցել է Ջրականի, Թաղավարտի, Դրախտիկի, Սիրիգի, Ազոխի, Մեծ Թաղերի, Կարմիր Շուկայի, Մարտունու, Սարուշենի եւ այլ մարտերին: Հայկազը վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայի մոտակայքում, իր 20-ամյակից 2 օր առաջ:

Թեեւ վիրավորումը շատ ծանր է եղել, բայց 12 օր պայքարել է կյանքի համար, անմահացել է նոյեմբերի 9-ին, պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:



