Սիմոնյանն անընդունելի է համարում Արարատ Միրզոյանին կաթողիկոսի եղբոր հետ համեմատելը
Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի համեմատությունը՝ կապված ԱԱԾ-ի հետ նրանց ենթադրյալ գործակցության հետ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցենք, որ ՔՊ-ական իշխանությունները Եզրաս արքեպիսկոպոսին մեղադրում են ԽՍՀՄ ՊԱԿ-ի (ԿԳԲ) հետ գործակցելու մեջ։ Սակայն այս տարվա մարտի 23-ին Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը՝ որպես փորձագետ, աջակցել է ԱԱԾ-ին։
«Համեմատականներ անցկացնելն անընդունելի է։ Եթե ՀՀ ԱԱԾ-ն հիմա ձեզ բոլորիդ հրավիրի և ասի՝ ներողություն եմ խնդրում, եթե զինվոր եք տեսնում, որ մեր սահմանն է անցնում, կասե՞ք։ Իսկ այլ բան է, երբ դու գնում ես Սովետական Միության՝ այլ երկրի ազգային անվտանգությանը հավատարմության երդում ես տալիս»,- ասաց Սիմոնյանը։
Նշենք, որ Խորհրդային Միությունը կազմալուծվել է 1991 թվականի դեկտեմբերին, իսկ մինչ այդ Հայաստանը ԽՍՀՄ–ի կազմում էր, և ՊԱԿ–ը գործում էր միութենական բոլոր հանրապետություններում։
Սիմոնյանը հավելեց, որ ինքը՝ որպես ԱԺ նախագահ, նույնպես հարկ եղած դեպքում անձամբ զանգում է ԱԱԾ պետին և տեղեկություններ հայտնում։



