Նիկոլ Փաշինյանը կրկնազոհության պրոցես է իրականացնում․ Նինա Կարապետյանց
Վերջին մի քանի օրերին հանրային ու քաղաքական շրջանակներում քննադատությունների ալիք սկսվեց Նիկոլ Փաշինյանի՝ «Մետրո»-ի հայտնի դրվագի ու ԱԱԾ տնօրենի՝ ԱԺ-ում արված հայտարարությունների շուրջ․ 168.am-ն այս երկու ապականոն դրսևորումների վերաբերյալ լսել է «Նժար» սահմանադրական շարժման հիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի դիտարկումները։
Այսպես, ապաքաղաքական կառույցի՝ ԱԱԾ-ի տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմեց ավազանի անունով՝ ինչպես ՔՊ կուսակցության ղեկավար, իշխանության առաջին խոսափող Նիկոլ Փաշինյանը։
Թե ինչո՞ւ է պետական ու քաղաքական գործչի վարքագիծն այսքան սերտաճած և ինչպե՞ս պետք է վերաբերվել նման դրսևորումներին՝ հարցադրումներին ի պատասխան՝ Նինա Կարապետյանցը նշեց․
«Ազգային անվտանգության ղեկավարի պահվածքն իր պաշտոնին չհամապատասխանող վարքագիծ է, որովհետև, համենայն դեպս, կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը շատ լավ պիտի իմանար, որ ինքը ոչ թե Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայության տնօրենն է, այլ՝ ազգային, հետևաբար՝ գործող կաթողիկոսի վերաբերյալ էդպիսի վարքագիծ դրսևորելը՝ անկախ նրանից՝ մեզանից շատերն ինչ վերաբերմունք ունեն կաթողիկոսի հանդեպ, ուղղակի ազգային անվտանգության խնդիր է առաջացնում։
Մյուս կողմից՝ ՀՀ ճնշող մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են և օրինական, ընտրված կաթողիկոսի նկատմամբ ունեն որոշակի վերաբերմունք՝ որպես եկեղեցու ղեկավար, ու սա իրենց կրոնական զգացմունքները ոտնահարելու, վիրավորելու դրվագ էր, ապտակ ու անձնական վիրավորանք։
Յուրաքանչյուր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, իրեն հետևորդ համարող մարդ, այդ թվում՝ նաև ես, վստահ է, որ իրեն հայ համարող յուրաքանչյուր մարդու համար անձնական վիրավորանք պիտի ընկալվեր դա․ փաստ է, որ նա ընտրված է ու հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը, և այդպիսի վարքագիծը, միանշանակ, անթույլատրելի է»։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ նախընտրական քարոզարշավի նախօրեի աղմկահարույց պահվածքի մասին, երբ նա փաստացի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հային, որը նաև ազատամարտիկի դուստր էր, անչափահաս երեխայի ներկայությամբ անվանեց «փախած», իրավապաշտպանը դա որակեց «ցեղասպանությունն արդարացնող»-ի պահվածք։
«Նիկոլ Փաշինյանը ցեղասպանության զոհերին լրացուցիչ անգամ զոհ է դարձնում․ կրկնազոհության պրոցես է իրականացնում․ միջազգային նորմերին չհամապատասխանող գործունեություն է ծավալում, հակաիրավական, հակակոնվենցիոն, հակասահմանադրական հերթական գործողություն, և ես վստահ եմ, որ սրա համար նաև ինքը պիտի պատասխանատվություն կրի։
Կա՛մ մենք մի անգամ նորմալ մեզ հաշիվ ենք տալու, պահանջելու ենք պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հակասահմանադրական գործողություններ են արել, կա՛մ՝ մենք մնում ենք պետականության կարևորությունը չհասկացող ժողովուրդ, ու պարզ չէ, թե մեր ապագան էլ այդ դեպքում ինչպիսին է լինելու»,- մանրամասնեց նա։



