Տոկիոն հայտարարել է, որ Վաշինգտոնին չի խոստացել զորքեր ուղարկել Հորմուզի նեղուց
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովմանը երկրի մասնակցության հետ կապված որևէ կոնկրետ խոստում չի տվել մարտի 19-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։
Նա նշել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը Թրամփը Տոկիոյին կոչ է արել ավանդ ներդնել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության հարցում։
«Սակայն Ճապոնիան որևէ կոնկրետ խոստում չի տվել այս առումով. նման փաստ չի եղել», – ընդգծել է կաբինետի գլխավոր քարտուղարը։
Նա հավելել է, որ որևէ որոշում չի կայացել նաև հրադադարից հետո այդ շրջան Ճապոնիայի ռազմածովային ուժեր ուղարկելու վերաբերյալ։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում հնարավոր էր համարել այն սցենարը, որ երկրի զինված ուժերը կարող են ուղարկվել Հորմուզի նեղուց ականազերծման համար։ Սակայն, նախարարի խոսքով, այդ տարբերակը կարող է քննարկվել միայն հրադադարի ռեժիմի հաստատումից հետո։
Նեղուցը Պարսից ծոցից տանում է դեպի Օմանի ծոց, ապա՝ բաց օվկիանոս։ Այդ ուղեգծով է անցնում աշխարհի նավթի արտահանման մեկ հինգերորդը։ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների ֆոնին նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է։



