Կիևի և Վաշինգտոնի բանակցողները շաբաթ օրը կհանդիպեն ԱՄՆ-ում. Զելենսկի
Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցողները մարտի 21-ին կհանդիպեն Միացյալ Նահանգներում՝ կանգ առած բանակցությունները վերսկսելու նպատակով, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները խափանվել էին անցյալ ամիս՝ Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով:
«Բանակցություններում դադար է եղել, ժամանակն է այն ավարտել», – ասել է Զելենսկին՝ հայտարարելով Մերձավոր Արևելքի պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-Ուկրաինա առաջին հանդիպման մասին։
«Ուկրաինական թիմը, մասնավորապես՝ բանակցային խմբի քաղաքական մասը, արդեն ճանապարհին է, և մենք ակնկալում ենք հանդիպում Միացյալ Նահանգներում այս շաբաթ օրը», – ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ «կարևոր է, որ ամերիկյան կողմից ազդանշաններ լինեն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու համար գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի շրջանակում աշխատանքը շարունակելու իրենց պատրաստակամության վերաբերյալ»։
2022-ի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենաարյունալի պատերազմին, որը ստիպեց միլիոնավոր մարդկանց տեղահանվել և երկու կողմերից էլ հարյուր հազարավոր մարդկանց կյանք խլեց:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը Ֆլորիդայում բանակցություններ է վարել ամերիկացի բանակցողների հետ, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և փեսա Ջարեդ Քուշների հետ։
Ֆլորիդայում քննարկումները տեղի ունեցան այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները չեղարկեց ռուսական նավթի վրա սահմանված որոշ պատժամիջոցներ:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ԱՄՆ պատժամիջոցների մեղմացումը «չի նպաստում խաղաղությանը»։
Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի միջև Ուկրաինայում ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները «կանգ են առել»։
Պուտինի խոսնակը հավելել է, որ շարունակվում է աշխատանքը երկկողմ ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակներում, որը զբաղվում է տնտեսական հարցերով: Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է կապ հաստատել Կիևի հետ՝ գերիների և դիակների փոխանակման վերաբերյալ:
Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Հետագայում կողմերը պետք է կրկին հանդիպեին մարտի սկզբին Աբու Դաբիում, սակայն խորհրդակցություններն, ի վերջո, հետաձգվեցին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշեց, որ հետաձգման որոշումը կայացվել է Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ՝ Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության պատճառով:



