Ադրբեջանցիների այցն արժեցել է մոտ 9 միլիոն դրամ․ Փաշինյանի աշխատակազմը ներկայացուցչական ծախսերը պատվիրակել է սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանի ՍՊԸ-ին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը մեկ անձից ոչ մրցակցային գնման ընթացակարգով գնում է կատարել «Էյթի Էյթ» ՍՊԸ-ից։ Փետրվարի 26-ին հանրայնացված պայմանագրից տեղեկանում ենք, որ խոսքը փետրվարի 13-14-ին ձեռք բերված ներկայացուցչական ծառայությունների մասին է։ Պայմանագրի գին է նշվել 8 միլիոն 898 910 դրամը։
Այս մասին՝ առավել մանրամասն․
«Էյթի էյթ» ՍՊԸ-ն 2023 թվականի սեպտեմբերի 18-ին է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 34/1 հասցեում։ Սա, իրականում, նախկին «Գոլդեն Փելես» հյուրանոցն է, որը Մաքսային պետական կոմիտեի նախկին տնօրեն Արմեն Ավետիսյանի ընտանիքը 2019 թվականին քրեական գործը կարճելու դիմաց նվիրեց պետությանը։ 2022 թվականին հայտարարվեց, որ հյուրանոցը տարաժամկետ վճարման պայմանով գնել է միակ հայտատուն՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս ընկերության սեփականատերը գործարար Նարեկ Նալբանդյանն է։
Ի դեպ, Նարեկ Նալբանդյանին պատկանող 88 սուպերմարկետների ցանցի հետ Նիկոլ Փաշինյանի նախկին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի առնչության մասին տեղեկությունների ֆոնին՝ երկուստեք հերքման տեքստեր էին հրապարակվել։
Վերադառնալով պայմանագրին՝ փոխանցենք, որ այն վերաբերում է հյուրանոցային ծառայություններին՝ մասնավորի, 46 անձի համար՝ 35 սենյակների տրամադրման։
Պայմանագրի հավելվածում մանրամասնում են․ տրամադրվել են՝ 2 հատ մեկտեղանի (Premium Suite), 26 հատ մեկտեղանի՝ (26 անձ), 6 հատ երկտեղանի՝ (12 անձ), 1 հատ վեց տեղանի՝ (6 անձ): Ինչպես նաև՝ 65 անձի համար սրահների վարձակալություն՝ կոնֆերանս սրահ (Gold), Սրահ (Cinema), ապա նաև՝ սննդի մատուցում և սպասարկում՝ Ֆուրշետ և սուրճի ընդմիջում 65 անձի համար, սուրճի և թեյի ընդմիջում և Գալա ընթրիք 50 անձի համար, ընթրիք՝ 15 անձի համար։
Քանի որ պայմանագրում չի նշվում, թե ի՞նչ միջոցառման շրջանակում է վարչապետի աշխատակազմին պետք եկել շուրջ 9 միլիոն դրամով ներկայացուցչական ծառայություններ գնել մեկ անձից եղանակով, հետևաբար՝ պետք է համադրել իրողությունները։

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել էր երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի «քաղաքացիական հասարակությունների» ներկայացուցիչները։ (Իհարկե, ինչպես ասում են՝ եփած հավի ծիծաղն է գալիս, Ադրբեջանն ուր, քաղհասարակությունն ուր…):
Տեղեկություններ կային, որ ադրբեջանական պատվիրակությունը, որը Հայաստան էր ժամանել ցամաքային ճանապարհով, տեղակայվել է հենց իշխանությունների սրտի օլիգարխ անունը ստացած Նարեկ Նալբանդյանին պատկանող հյուրանոցում։
2025 թվականի նոյեմբերին 168․am-ն անդրադարձել էր ադրբեջանցի քարոզիչ-փորձագետների առաջին խմբի հոկտեմբերի այցով պայմանավորված ծախսերին՝ տեղեկացնելով, որ պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացվել է ներկայացուցչական ծախսերի մասին մի պայմանագիր, որի պատվիրատուն վարչապետի աշխատակազմն էր, իսկ մատակարարը՝ «Վելոֆիրմա» ՍՊԸ-ն («ԴաբլԹրի բայ Հիլթոն Հոթել Երևան Սիթի Սենթր»-ի իրավաբանական անվանումն է)։

Պայմանագրից տեղեկացել էինք, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը ոչ մրցակցային՝ մեկ անձ գնման ընթացակարգով գնում է կատարել «Վելոֆիրմայից»․ պայմանագրի գինը կազմել է 1 միլիոն 110 հազար 300 դրամ։
Այս գումարի շրջանակում, ըստ տեխնիկական բնութագրի, ՍՊԸ-ն մատուցել էր արարողակարգային միջոցառումների շրջանակներում հյուրանոցային ծառայություններ՝ այդ թվում`
21.10.2025-22.10.2025թթ. համար՝ հյուրանոցային համարների տրամադրում SGL- 8 հատ, ուշ մեկնման վճար, Ճաշկերույթի կազմակերպում 4 անձի համար, խմիչքի մատուցում, սրահի տրամադրում Tokyo hall, սուրճի ընդմիջում- 24 անձի համար, ճաշկերույթի կազմակերպում- 10 անձի համար։



