Իրանը հայտնել է Թել Ավիվին և Հայֆային հարվածելու մասին

Իրանը շարունակում է պատասխան հարվածներն Իսրայելին. առավոտյան թիրախավորվել են Թել Ավիվում և Հայֆայում գտնվող տարբեր օբյեկտներ։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ ըստ համացանցում տարածված լուսանկարների՝ Թել Ավիվում մեծ ավերածություններ են եղել, Հայֆայում պայթյուններ են որոտացել։

Գործակալությունը հավելում է, որ փետրվարի 28-ից ի վեր իրանական հրթիռները և անօդաչու թռչող սարքերը հարվածել են տարածաշրջանի տարբեր երկրներում գտնվող ամերիկյան 14 ռազմակայանի։

Ավելի վաղ Tasnim-ը հաղորդել էր, որ Իրանի իշխանությունները հաստատել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը։

Իր հերթին, The Jerusalem Post-ը հաղորդում է, որ Իրանի հարվածների պատճառով Իսրայելի իշխանությունները հրահանգել են դադարեցնել դասերը դպրոցներում, չեղարկել հասարակական միջոցառումները, ինչպես նաև չգնալ աշխատանքի։ Սա չի վերաբերում միայն այն աշխատողներին, որոնց աշխատանքը հանրության համար կենսական նշանակություն ունի։

Իսրայելցի պաշտոնյաները Walla պարբերականին ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանին, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն առնվազն մեկ շաբաթ։

Տեսանյութեր

Լրահոս