«Եկեղեցին հավատարիմ է իր առաքելությանը՝ անկախ նրանից, թե ինչ է անելու իշխանությունը». Տեր Սարգիս քահանա Սարգսյան

2026թ. փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքն իր աշխատանքներն ավարտելուց հետո հայտարարություն էր տարածել։

Եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն էր հայտնել եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ էր արել ՀՀ իշխանություններին.

«Դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,

Վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,

Կարդացեք նաև

Ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,

Գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,

Առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից»։

Այս հայտարարությունը ստորագրել են 25 երպիսկոպոսներ, այդ թվում՝ Հովնան սրբազանը, ով միացել էր Նիկոլ Փաշինյանի հռչակած «եկեղեցու բարենորոգման ծրագրին»։

Արագածոտնի թեմի հոգևորական Տեր Սարգիս քահանա Սարգսյանի խոսքով՝ այն, ինչ եպիկոպոսները միասին խոսել են, քննարկել և դրա արդյունքում տարածել հայտարարություն, բոլորն էլ կարդացել են։

«Բնականաբար, այս հայտարարությունը բոլորս էլ կարդացել ենք, որը ցույց է տալիս մեր եկեղեցու եպիսկոպոսների՝ գոնե այդ 25-ի, և Մեծին տանն Կիլիկո կաթողիկոսության և մյուս նվիրապետական աթոռների միասնականությունը, բոլորն այդ հայտարարությունը համատեղ են տարածել։

Հայտարարությունում միասնականության կոչ է արված, նաև, որ եկեղեցին միշտ էլ ունի բարենորոգման կարիք, բայց այդ բարենորոգումն ընտանիքն իր ներսում է կատարում, ոչ թե դրսից պետք է միջամտեն։ Ավելին՝ այդ բարենորոգման մասին միշտ է խոսվել, բարձրաձայնվել և այս գործընթացը միշտ է տեղի ունեցել եկեղեցու ներսում։ Մենք՝ հոգևորականներս, ինչ ասել ու արել ենք՝ միշտ էլ հարմարեցրել ենք Մայր Աթոռին և այդպես էլ շարունակելու ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։

Ըստ հոգևորականի, թե այս ամենից իշխանությունը կամ իշխանությանը միացած եպիսկոպոսներն ու քահանա հայրերն ինչ դասեր կքաղեն՝ յուրաքանչյուրի խղճի հարցն է։

«Կրկնում եմ՝ յուրաքանչյուր ընտանիք իր հարցերը պետք է լուծի ընտանիքի պատերից ներս։ Թեպետ իրենք ասում են, որ ամբողջ հայ ժողովուրդն է ընտանիք, սակայն պետք է ընդունեք, որ ժողովրդի մեջ տարածված է հազար տեսակի աղանդներ, իսկ Առաքելական պատգամն ասում է. «Ձեր դատն անիրավների առաջ մի դրեք»։ Հիմա ես չգիտեմ՝ իմ ընտանիքից դուրս ով է իրավ և ով՝ անիրավ, դրա համար էլ պետք է իմ դատն իմ ընտանիքի մեջ լինի։ Սա է եղել և շարունակում է մնալ մեր դիրքորոշումը։

Մենք ոչ թե Ավետարանը պետք է հարմարեցնենք ժամանակներին, այլ ժամանակները բերենք ու հարմարեցնենք Ավետարանին»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Տեր Սարգիս քահանա Սարգսյանը նաև ասաց՝ իշխանությունը կարող է միայն պատասխանել՝ եպիսկոպոսների հայտարարությունից դասեր քաղո՞ւմ է, թե՞ ոչ։

«Մենք չպետք է նայենք, թե իշխանությունն ինչ է անում, կամ ինչպես է անում, այլ պետք է տեսնենք, թե եկեղեցին ինչ Առաքելություն ունի։ Կան փորձություններ, որոնցից մենք դասեր ենք քաղում, բայց գործում ու գործելու ենք միշտ՝ անկախ նրանից, թե ինչ է անելու իշխանությունը։ Եկեղեցին հավատարիմ է իր առաքելությանը և գործելու է այդ առաքելությամբ»,- ընդգծեց հոգևորականը։

Տեսանյութեր

Լրահոս