Սիրիական ճամբարից ազատ է արձակվել ԻՊ-ի հետ առնչություն ունեցող 34 ավստրալացի
Սիրիայի քրդական ուժերն ալ-Հասաքեի նահանգում գտնվող ճամբարից, որտեղ պահվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչվող անձինք, փետրվարի 16-ին ազատ են արձակել 34 ավստրալացու։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նրանք Դամասկոսից ինքնաթիռով կտեղափոխվեն Ավստրալիա։
Syria TV-ի փոխանցմամբ՝ ավստրալացիների տեղափոխումը համակարգվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ), Սիրիայի կառավարության և Ավստրալիայի կառավարության հետ համագործակցությամբ։
Ռոջ ճամբարի համաղեկավար Հուկմիա Մուհամմադը նշել է, որ 34 ավստրալացիները հանձնվել են իրենց ընտանիքների անդամներին, որոնք ժամանել են Սիրիա։
Այն բանից հետո, երբ 2019 թվականին «Իսլամական պետությունը» վտարվել է Սիրիայում իր վերջին տարածքային հենակետից, Ռոջ և ալ-Հոլ ճամբարներում պահվել են հազարավոր մարդիկ, որոնք ենթադրաբար կապված են ջիհադիստական խմբավորման զինյալների հետ։
Ռոջ ճամբարը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելյան Դերիք քաղաքի մոտակայքում, որտեղ, ըստ ճամբարի վարչակազմի, ներկայում բնակվում է ԻՊ-ի անդամների 710 ընտանիք, ընդհանուր առմամբ՝ 40 տարբեր ազգություններից 2201 մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։



