ՆԳ նախարարը պնդում է՝ ոստիկանների կողմից խոշտանգման դեպքերը եզակի են
Երևան քաղաքի վարչությունում օպերլիազորի կողմից քաղաքացուն խոշտանգելու և հայհոյելու դեպքի քննության շրջանակում կդիտարկվի նաև այն հանգամանքը, թե ով է նկարահանել այդ տեսարանը։ 2025 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Այդ հանգամանքը կդիտարկվի նաև քրեական վարույթի շրջանակում։ Գործ ունենք նաև հանցագործության մասին չհայտնելու իրավիճակի հետ։ Ստացվում է, որ նկարող անձն առերևույթ խոշտանգման դեպքի մասին իմացել է ու չի հայտնել իրավապահներին։ Դեպքի առթիվ վարույթը նաև այս հարցին կանդրադառնա»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է համակարգում խոշտանգման դեպքերին, ապա նախարարը նշեց, որ դրանք համատարած բնույթ չեն կրում։ Նա վստահեցրեց՝ ո՛չ նախանցած տարի, ո՛չ էլ անցած տարի նման դեպքեր չեն գրանցվել։ Սարգսյանի խոսքով՝ համակարգում խոշտանգման դեպքերի առնչությամբ առանձին վարույթներ կան նախաձեռնված, լիազորություններ են կասեցվել և այլն։
Հիշեցնենք` լրագրող Սյուզի Բադոյանը փետրվարի 3-ին տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է օպերլիազորը հայհոյում և նվաստացնում մի տղամարդու, որը, լրագրողի տեղեկություններով, ենթադրյալ հանցագործի հարազատն է։
Ըստ տեղեկությունների` այդ դեպքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ։
Փետրվարի 5-ին հայտնի դարձավ, Հայկ Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում):
Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։



