Իրանի ԱԳՆ-ն Էփշտեյնի ֆայլերը Իսրայելի շահերի առաջմղման նախագիծ է անվանել
Իրանը կարծում է, որ մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործը Իսրայելի արտաքին քաղաքական նպատակների առաջմղմանն ուղղված լայնածավալ և երկարաժամկետ նախագծի մի մասն է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Հաշվի առնելով բազմաթիվ հաղորդումներն այն մասին, որ սիոնիստական վարչակարգը կամ որոշ այլ երկրներ օգտագործում են այս գործերն ու կեղծիքները՝ իրենց քաղաքական նպատակներն առաջ մղելու համար, ուժեղանում է այն ենթադրությունը, որ այս ամբողջ գործընթացը կարող է որոշ կողմերի, հատկապես՝ սիոնիստական վարչակարգի քաղաքական նպատակների առաջմղման երկարաժամկետ և լայնածավալ նախագծի մաս լինել», – նշել է նա ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Բաղային այս իրավիճակն անվանել է աղետ, որը չի կարելի թերագնահատել և չի կարելի կարծել, թե խնդիրը վերաբերում է միայն ԱՄՆ-ին կամ մեկ անձի։ «Այս հանցագործությունները մարդկային զգացմունքներ են վիրավորել ողջ աշխարհում և որոշ առումով պետք է դիտարկվեն որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ», – հավելել է նա։
Էփշտեյնը ձերբակալվել է Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել է ապացույցների առկայության մասին, որ 2002-2005 թվականներին նա Մանհեթենի իր տուն է կազմակերպել տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ, որոնցից ամենակրտսերը 14 տարեկան է եղել։ Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակում ընդգրկված են եղել մեծ թվով գործող և նախկին պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև բազմաթիվ այլ երկրներից (այդ թվում՝ պետությունների նախկին ղեկավարներ), խոշոր գործարարներ և շոու-բիզնեսի աստղեր։ Ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումը ԱՄՆ-ում դադարեցվել է 2019 թվականի օգոստոսին՝ բանտախցում նրա ինքնասպանությունից հետո։



