Ուկրաինայի շուրջ բանակցությունները շարունակվում են, առջևում դեռ շատ ճանապարհ կա. Լավրով
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, առջևում դեռ շատ ճանապարհ կա։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «ՆՏՎ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք այն մասին, որ չպետք է տրվենք տեղի ունեցողի հիացական ընկալմանը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «իրենց տեղն է դրել» եվրոպացիներին, Վոլոդիմիր Զելենսկուն և նրանցից պահանջում է կատարել… Այդ ամենը լավ է, եթե մենք ցանկանում ենք խաղաղության հասնել Ուկրաինայում, բայց մենք դեռևս այնտեղ չենք։ Բանակցությունները շարունակվում են, երկրորդ փուլը տեղի ունեցավ Աբու Դաբիում, առջևում դեռ շատ ճանապարհ կա», – ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի առաջատար դիրքերը միջուկային էներգիայի համաշխարհային շուկայում մարտահրավեր են նետում ամերիկացիներին, նրանք ցանկանում են փոխել դա։
«Այն երկրներում, որտեղ մենք արդեն ունենք նախագծեր, աշխատանքի փորձ, այդ թվում նաև մեր հարևանների, մի շարք եվրոպական երկրների մոտ, ամերիկացիներն աշխատում են, որպեսզի նրանց էներգետիկան վերաորակավորեն իրենց ստանդարտներով։ Նրանք նույնպես դա չեն թաքցնում։ Արդեն չեմ խոսում պատժամիջոցների, մաքսատուրքերի մասին, որոնք մինչև երկինք են հասցնում այն երկրների համար, որոնք ամերիկացիներին չեն լսում այն հարցում, թե ինչպես պետք է աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ», – նշել է նա։
«Մեր մոտեցումը սահմանվել է (Ռուսաստանի) նախագահի կողմից՝ ելնելով մեր ազգային շահերից։ Մենք չենք ընդունում առևտրային, տնտեսական, արժութային պատերազմների մեթոդները, որովհետև դոլարի չարաշահումը շարունակվում է աննախադեպ մասշտաբներով», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:


