Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանում սպանել են «Հըզբոլլահ»-ի հրետանու հրամանատարին
Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հայտարարել են Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի հրետանու հրամանատար Ահմադ Ալի Սալամիի սպանության մասին։
«Այսօր ՑԱԽԱԼ-ը հարվածել է Յանուխայի տարածքում և սպանել ահաբեկիչ Ահմադ Ալի Սալամիին, որը պատասխանատու էր «Հըզբոլլահ»-ի հրետանու համար»,- ասված է զինվորականների հայտարարության մեջ։
Նշվել է, որ Սալամին մասնակցել է իսրայելցի զինվորների դեմ բազմաթիվ հարձակումների և վերջերս Լիբանանի հարավում մասնակցել է խմբի մարտական կարողությունների վերականգնմանը։
ՑԱԽԱԼ-ի մամուլի խոսնակի գրասենյակն ընդգծել է, որ հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական անձանց վնասը նվազագույնի հասցնելու համար, այդ թվում՝ ճշգրիտ կառավարվող զինամթերքի կիրառումը և օդային հսկողությունը։
Սակայն Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է հարվածի հետևանքով երեք քաղաքացիական անձանց, նրանց թվում՝ երեք տարեկան երեխայի մահվան մասին։


