ԱԷՄԳ-ն տեսչություն կիրականացնի Իրանի մի շարք միջուկային օբյեկտներում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներն առաջիկա օրերին կայցելեն Իրանի մի քանի միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։

«Պատերազմից հետո արդեն անցկացվել են ստուգայցեր չվնասված օբյեկտներ․ առաջիկա օրերին նախատեսված են այցելություններ մի քանի այլ օբյեկտներ»,- իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 9-ին հայտարարել է Էսլամին։

Նա տեղեկացրել է նաև, որ անցյալ տարվա հունիսին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից չվնասված օբյեկտներ ԱԷՄԳ տեսուչներն այցելել են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի թույլտվությամբ՝ այդ կազմակերպության հետ իրանական կողմի շարունակվող համագործակցության շրջանակում։

Միաժամանակ, Էսլամին ընդգծել է, որ Իրանի իրավունքները պետք է հարգվեն՝ ԱԷՄԳ-ի չափանիշներին համապատասխան։

2025 թվականի հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել Իրանի դեմ՝ նպատակադրվելով ոչնչացնել նրա միջուկային ծրագիրը։ Ի պատասխան, Իրանը հարվածել էր Իսրայելին։ Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները հարվածներ էին հասցրել Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզեում գտնվող իրանական երեք միջուկային օբյեկտներին։ Հետագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հրադադարի մասին, որին Իրանը և Իսրայելը համաձայնել էին։

Այս տարվա փետրվարի 6-ին, տևական ընդմիջումից հետո, Օմանի մայրաքաղաքում տեղի էր ունեցել իրանա-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը։

Տեսանյութեր

Լրահոս