Թրամփը հրամանագիր է ստորագրել. դրանում գրված է, որ Հնդկաստանը պարտավորվել է դադարեցնել ռուսական նավթի գնումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով չեղարկվում է Հնդկաստանից ներկրվող ապրանքների համար սահմանված 25% լրացուցիչ մաքսատուրքը։ Մաքսատուրքերը սահմանվել են այն պատճառով, որ Նյու Դելին Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանից հում նավթի մեծ ծավալներ է գնել, հայտնում է BBC-ն։
«Հնդկաստանը պարտավորվել է դադարեցնել Ռուսաստանի Դաշնությունից նավթի ուղղակի կամ անուղղակի ներկրումը»,- մեջբերում է AFP-ն ԱՄՆ նախագահի հրամանագրի տեքստը։ Սրա հետ կապված՝ կդադարեձվի լրացուցիչ տուրքի գանձումը։
Թրամփն առաջին անգամ Հնդկաստանի հետ առևտրային վեճի լուծման մասին հայտարարել է փետրվարի 3-ին՝ վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ հնդկական ապրանքների համար «փոխադարձ» մաքսատուրքը կկազմի 18% (մինչ այս, նույնիսկ առանց ռուսական նավթի համար սահմանված տույժի, Հնդկաստանի համար բազային տուրքը 25% էր, իսկ տույժի հետ միասին՝ 50%)։ Ուրբաթ օրը ստորագրված հրամանագիրը պաշտոնականացնում է այս պարամետրերը։
Հնդկաստանը հաստատել է ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության փաստը, սակայն մինչ այժմ պաշտոնապես ոչ մի հայտարարություն չի արել Ռուսաստանից նավթի ներկրումը դադարեցնելու մասին։ Առևտրի նախարար Պիյուշ Գոյալը հինգշաբթի օրը ելույթ է ունեցել խորհրդարանում, սակայն նրա հայտարարության մեջ միայն նշվել է, որ կառավարության առաջնահերթությունը հնդիկների էներգետիկ կարիքների ապահովումն է և այդ համատեքստում իրականացվում է «էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման» վրա հիմնված ռազմավարություն։ Որևէ երկրից ներկրումից հրաժարվելու մասին նա չի հիշատակել։
Մինչև պատերազմը Հնդկաստանը համարյա թե նավթ չի ներկրել, սակայն 2022 թվականից այն սկսել է արագորեն աճել։ Այնուամենայնիվ, Reuters-ի տվյալներով, մատակարարումների գագաթնակետն անցել է անցյալ տարվա հունիսին և այդ ժամանակից ի վեր դրանք անշեղորեն նվազել են։
