Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար կատարվել է 550 մլն դոլարի ներդրում. Պապոյան
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար նախատեսված 750 մլն դոլարից կատարվել է 550 մլն դոլարի չափով ներդրում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով` հանքավայրում արդյունահանումը կսկսվի արդեն այս տարի։ Պապոյանը տեղեկացրեց, որ այս տարի կշարունակվի նաև երկու խոշոր լեռնադահուկային հանգստավայրերի շինարարությունը. գրեթե ավարտվել է «Մայլեր» նախագիծը (ներդրվել է 80 մլն դոլարից 73-ը), ընդ որում` ներդրողները բանակցություններ են վարում ևս մի քանի միջազգային հյուրանոցային ցանցերի հետ:
Նա նշեց, որ առայժմ Արագածոտնի մարզի լեռնադահուկային համալիրում և Երևանի կենտրոնում գտնվող «World trade Center» բիզնես կենտրոնում (Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստի շենքի տարածք) կատարվելիք ներդրումները նախնական փուլում են։
Բացի այդ, դեռևս առաջընթաց չկա 200 մեգավատտ հզորությամբ «Այգ–1» արևային կայանի շինարարության հարցում, որը կառուցում է Արաբական Միացյալ Էմիրություններից ներդրող «Մասդար» ընկերությունը:
Պապոյանն ասաց, որ նախագիծն իսկապես ուշանում է, և այժմ պետք է ֆինանսական բնույթի մեկ–երկու հարց լուծեն, որից հետո շինարարությունը կսկսվի:
Նշենք, որ «Մասդար» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի իրականացում։
Երևանյան լճի լողացող արևային կայանը հաջող փորձարկումներից հետո լիցենզիա է ստացել
«Այգ-1»–ը կդառնա խոշորագույնը հանրապետությունում։ Այն տեղակայված կլինի Աշնակ գյուղի մոտ՝ Թալին քաղաքից ոչ հեռու։ Կայանի շահագործումը նախատեսվում էր 2025-ին:
