ԱՄՆ-Իրան լարվածության հարցում Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 3-ին հարցազրույց է տվել Սաուդիան Արաբիայի առաջատար թերթերից մեկին՝ «Şarkul Avsat»-ին: Վերջինս հարցազրույցի ընթացաքում անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և դրանցում Թուրքիայի ունեցած դերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը, նախ ընդգծելով իր այցի գլխավոր օրակարգը, որն է՝ տարածաշրջանային խնդիրների շուրջ բանակցությունների խորացումը և որոշակի ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, խոսել է համաշխարհային ուշադրության կենտրոնում գտնվող ԱՄՆ-Իրան լարվածության մասին:
Թուրքիայի նախագահն, անդրադարձ կատարելով Իրան-ԱՄՆ պատերազմը կանխելու հնարավորությանը և այդ հարցում Թուրքիայի, Սաուդիան Արաբիայի և Պակիստանի նման պետությունների միջև ընթացող բանակցություններին, աճող կոորդինացիայի նախաձեռնություններին ու հնարավոր դերակատարմանը, նշել է.
«Շատ կարևոր բան եմ ուզում շեշտել. փորձը ցույց է տալիս, որ այն սցենարները, որոնք ունակ չեն ընկալելու տարածաշրջանի արժեքները, ինքնությունը, անցյալը և ապագան, տարածաշրջան էլ ավելի շատ ցավ և ողբերգություն են բերելու: Չեն ձևավորելու անվտանգություն և խաղաղություն»:
Նմանատիպ շեշտադրումներից հետո Էրդողանն առաջարկել է Թուրքիայի միջնորդությունը, մասնավորապես, ԱՄՆ-Իրան հետզհետե աճող սրացումների ֆոնին: «Լարվածությունները թուլացնելու և խնդիրները լուծելու համար մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդի դեր ստանձնելու հարցում և շարունակում ենք այդ ուղղությամբ մեր շփումները»,- հավելել է նա:
Այս համատեքստում Էրդողանը հայտարարել է նաև, որ իրենք դեմ են յուրաքանչյուր քայլի, որը կարող է պատերազմ հրահրել և հակառակը՝ աջակցում են բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուժեղացնում են տարածաշրջանում անվտանգության ու խաղաղաղության ձևավորման հնարավորությունը:



