Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․ «Ադրբեջանն ակտիվորեն շարունակում է գործընկեր տարբեր երկրներից նոր զինատեսակների ձեռքբերումը։ Ադրբեջանական բանակի զինանոցի վերջին տարիների համալրումները ցուցադրվել են 2025 թվականի նոյեմբերի 8-ին՝ Բաքվում կայացած զինվորական շքերթի ժամանակ։ Ընդհանուր առմամբ՝ ցուցադրվել է 39 հատուկ տեխնիկա և զենքի համակարգ, 53 հակաօդային պաշտպանության միջոց, 63 միավոր հրթիռահրետանային զենք և 12 նավ, 55 ավիացիոն միջոց, որից 5-ը բերվել է Թուրքիայից։ Ռազմական շքերթին, բացի Ադրբեջանի 5000 զինվորներից մասնակցել են նաև Թուրքիայի զինված ուժերի 240 և Պակիստանի զինված ուժերի 120 զինծառայողներ։

Նորագույն զինատեսակներ շքերթին ուժի ցուցադրությու՞ն, թե՞ ռազմաքաղաքական ուղերձ

Ադրբեջանում գործող միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպառազինության հիմնական նորամուծություններից են չինական HQ-9 BE  հեռահար զենիթային հրթիռային համակարգերը։ Այս զենքի արտահանման տարբերակը նախատեսված է ինքնաթիռներ, թևավոր հրթիռներ և կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ ոչնչացնելու համար։ «HQ-9BE»-ն Չինաստանի HQ-9 հակաօդային պաշտպանության համակարգի արտահանված վերջին տարբերակն է: HQ-9BE հակաօդային պաշտպանության համակարգն առաջին անգամ ներկայացվել է 2025 թվականի փետրվարին՝ Աբու Դաբիում կայացած IDEX միջազգային պաշտպանական ցուցահանդեսում: Դրա արտադրողները՝ չինական Norinco և CATIC ընկերությունները, համակարգը ներկայացրել են որպես ամերիկյան «Patriot»-ի և ռուսական «C-400»-ի մրցակցային այլընտրանք։ Ըստ հրապարակումների՝ Ադրբեջանը դարձել է չորրորդ երկիրը՝ Մարոկկոյից, Պակիստանից և Եգիպտոսից հետո, և նախկին խորհրդային հանրապետությաններից առաջինը, որը ձեռք բերել է Չինաստանից HQ-9BE համակարգերը։

2024 թվականին Ադրբեջանը ձեռք է բերել Չինաստանի և Պակիստանի համատեղ արտադրության JF-17 Block III կործանիչներ։ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բաքվում ներկայացվել էին պակիստանյան JF-17C (Block III) կործանիչները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զինվորական շքերթի ընթացքում՝ ցուցադրական թռիչքի ժամանակ, օդ են բարձրացել այդ JF-17 բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Շքերթից առաջ ադրբեջանական մամուլում կային հրապարակումներ, որ Պակիստանի ռազմաօդային ուժերի JF-17 Thunder կործանիչներն ու պակիստանցի զինծառայողներն էլ են մասնակցելու զորահանդեսին։ Այնուամենայնիվ՝ պարզ չէ, թե շքերթին թռիչքները կատարել են Ադրբեջանի՞ ԶՈՒ-ին, թե՞ Պակիստանին պատկանող կործանիչները։

2025 թվականին Ադրբեջանի և Չինաստանի միջև ստորագրվել է «Համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագիր, որն ընդգրկել է էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ու մշակույթի ոլորտները։ Չինաստանը հետաքրքրված է նաև Ադրբեջանի էներգետիկ պաշարներով և «կանաչ էներգիայի» նախագծերով։ Մյուս կողմից՝ Չինաստանի և Պակիստանի միջև ռազմական համագործակցությունը կենտրոնական դեր ունի։ Տարեկան անցկացվում են համատեղ զորավարժություններ, Չինաստանը Պակիստանին մատակարարում է Hangor դասի սուզանավեր և J-10C կործանիչներ, ինչպես նաև աջակցում է պաշտպանական արտադրությանը։ Չինաստանի և Պակիստանի ռազմական դաշինքը ուժեղացնում է Պեկինի դիրքերը տարածաշրջանում, ինչը Բաքվի համար կարևոր է։

Ադրբեջանի բանակի զինանոցի նորույթներից է Իսրայելում արտադրված Sea Breaker հրթիռը։ «Rafael Advanced Defense Systems»-ի կողմից մշակված «Sea Breaker»-ը բարձր ճշգրտության, հինգերորդ սերնդի համակարգ է, որը կարող է խոցել մակերեսային և ափամերձ թիրախներ՝ մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա, և մեկ հրթիռը կարող է ոչնչացնել փոքր ռազմանավ։

Բաքվի կողմից Sea Breaker հրթիռների ձեռքբերումը, ինչպես վկայում են  ադրբեջանական աղբյուրները, կարելի է դիտարկել որպես նոր հնարավորություն, որը թույլ կտա չեզոքացնել երկրի ափամերձ ենթակառուցվածքների, էներգետիկ հարթակների և ծովային հաղորդակցությունների համար հնարավոր սպառնալիքները։ Կասպյան տարածաշրջանում «Sea Breaker» և այլ ռազմածովային նոր զինատեսակներն Ադրբեջանը, ըստ երևույթին, կարող է կիրառել Իրանի կամ ավելի պակաս հավանականությամբ՝ Ռուսաստանի դեմ։

Օպերատիվ-մարտավարական Predator Hawk (HOUK) հրթիռային համալիրը ցուցադրվել է PULS շասսիի վրա։ Հրթիռներն արտադրվում են իսրայելական Elbit Systems պաշտպանական կորպորացիայի կողմից: Ընկերության տվյալներով՝ «Predator Hawk»-ը բարձր ճշգրտությամբ կառավարվող հրթիռային համակարգ է, որը նախատեսված է մեծ հեռավորությունների վրա թիրախներ ոչնչացնելու համար։ Ունի 50-ից մինչև 300 կիլոմետր բացառիկ հեռահարություն։  Մոտ 10 տարի է՝ Ադրբեջանը  գնում է «Elbit Systems»-ի հրթիռային համակարգեր։ Ադրբեջանին մատակարարվել է մինչև 200 կիլոմետր հեռահարությամբ EXTRA մարտավարական հրթիռներ, իսկ ավելի ուշ՝ ադրբեջանական բանակը ստացել է «Elbit Systems»-ի կողմից մշակված LORA հրթիռներ՝ մինչև 400 կիլոմետր հեռահարությամբ։ 44-օրյա պատերազմի ժամանակ այս երկու հրթիռներն օգտագործվել են Արցախի դեմ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Տեսանյութեր

Լրահոս