Փաշինյանի կամակորությունների համար հազարավոր ոստիկանների հանում ու գցում են փողոցները. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ, խոսելով Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների և Եվրոպայի խորհրդի կողմից հրապարակված զեկույցի մասին, ՀՀ-ում աշխատանքային խնդիրների առնչությամբ, ասաց՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները բալանսավորված քաղաքականության հետ կապ չունեն, պետք է ընդունել իրողությունները։

«Աշխարհն այն չափանիշներով, որ գործել է, և այն «կլիշեները», որով Միացյալ Նահանգների հեգեմոնիան տարիներ շարունակ եղել է, և այս իշխանությունները, որ մտածում են, թե մեր երկրի գլխավոր երաշխավորը ժողովրդավարությունն է և իբր թե դրանով աշխարհում ճակատը բաց կներկայանան, այլևս այդպես չէ։

Խորհուրդ կտամ ընթերցել Դավոսում Կանադայի վարչապետի ելույթը, լուրջ քաղաքական գնահատականներով ելույթ է՝ աշխարհում տեղի ունեցող զարգացումների մասին»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդի զեկույցին, Գեղամ Մանուկյանն ասաց, որ մարդկանց իրավունքների ոտնահարումը համատարած է, ամեն քայլափոխի։

Կարդացեք նաև

«Ուզում եմ աշխատանքային իրավունքների ոտնահարման մի աղմկահարույց փաստ ասել. խոսքը վերաբերում է պետական համակարգի աշխատողներին, կրթական, առողջապահական  հաստատությունների աշխատողներին, ոստիկաններին։ Նրանց, միայն Փաշինյանի կամակորության համար, ամեն կիրակի հանում ու գցում են փողոցները։ Ամեն կիրակի այս համայնքից տանում են այն համայնք՝ կեղծ պատարագների։ Մարդիկ շաբաթներով հանգստյան օրից զրկվում են, որովհետև պետք է բավարարեն Նիկոլ Փաշինյանի անձնական քինախնդրությունը։

Կառավարության երկու մասնաշենքերի այգում նայեք, ամեն օր, 24 ժամ  տասնյակ-հարյուրավոր ոստիկաններ սոված ու ծարավ նստած են։ Գուցե նրանց հավելավճար են տալիս, բայց կրկնում եմ՝ հարյուրավոր ոստիկաններ սոված, ծարավ նստած են»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս