Բաժիններ՝

Վենեսուելայում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել ԱՄՆ-ի գործողության ժամանակ զոհվածների հիշատակին

Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը 7-օրյա սուգ է հայտարարել ԱՄՆ-ի կողմից պետության նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու գործողության ժամանակ զոհվածների պատվին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են վենեսուելական լրատվամիջոցները:

«Ես որոշում եմ ընդունել 7-օրյա սուգ հայտարարել այն երիտասարդ տղամարդկանց և կանանց հիշատակին, որոնք իրենց կյանքը տվեցին Վենեսուելան և նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտպանելու համար», – VTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռոդրիգեսը։

Washington Post-ը հաղորդում է, որ ամերիկյան հատուկ գործողության ժամանակ, ըստ ԱՄՆ պաշտոնյաների գնահատականների, Վենեսուելայում զոհվել է շուրջ 75 մարդ։

Ավելի վաղ Կուբայի կառավարությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի գործողության ժամանակ զոհվել է 32 կուբացի սպա։

Տեղեկություններ են հաղորդվել նաև ամերիկացի զինվորականների շրջանում մի քանի վիրավորի մասին։ Ըստ Fox News-ի աղբյուրի՝ վիրավորվել է 7 զինծառայող, որոնցից 5-ն արդեն վերադարձել են աշխատանքի, ևս 2-ն ապաքինվում են վիրահատությունից հետո։

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար: Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս