ԵՄ-ի հետ իրավական շրջանակի նման ներդաշնակեցումն անխուսափելիորեն կհակասի ԵԱՏՄ համապատասխան կանոնակարգերին, որի անդամ է Հայաստանը. ՌԴ ԱԳ փոխնախարար

Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, և մեր հարաբերությունների այս հիմնարար պարամետրերը մնում են անփոփոխ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչ վերաբերում է ցանկացած երկրի կամ միավորման, այդ թվում՝ Եվրամիության հետ հարաբերություններ պահպանելու նրա իրավունքին, մենք կարծում ենք, որ սա ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է, սակայն համագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության նոր օրակարգում, հենց այն ինտեգրացիան է, ինչպես մենք հասկանում ենք, որը ներառում է Հայաստանի իրավական շրջանակի ներդաշնակեցումը ԵՄ համապատասխան չափանիշներին այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկան, շրջակա միջավայրը և այլն»,- նշել է նա։

Գալուզինն ընդգծել է՝ բացահայտ և անկեղծորեն հայտնում են հայ գործընկերներին, որ իրավական շրջանակի նման ներդաշնակեցումը ԵՄ-ի հետ անխուսափելիորեն կհակասի Եվրասիական տնտեսական միության համապատասխան նորմերին, որի անդամ է նաև Հայաստանը։

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի՝ ԵՄ նորմերին իր իրավական շրջանակը համապատասխանեցնելու քաղաքականության և ԵԱՏՄ համապատասխան կանոնակարգերի միջև հնարավոր հակասություններին»,- ասել է ՌԴ պաշտոնյան։

Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ Գալուզինը նշել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով։

«Հայաստանը տեղյակ է կազմակերպության շրջանակներում կայացված բոլոր որոշումներից։ Եվ, իհարկե, մենք ակտիվորեն պաշտպանում ենք Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ բացարձակապես պարզ է, որ Հայաստանի, ինչպես նաև այս կազմակերպության մյուս անդամների համար իսկապես հուսալի անվտանգությունը կախված է դրանից»,- շեշտել է նա։

Տեսանյութեր

Լրահոս