Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Թեհրանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու ցանկության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Իրանը վճռական է տրամադրված շարունակել զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ մեջբերելով երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արված հայտարարությանը, որ Երևանը ցանկանում է Թեհրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել՝ Բաղային նշել է, որ երկու երկրները շատ լավ հարաբերություններ ունեն։
«Մենք վճռականորեն տրամադրված ենք շարունակել այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Նա ընդգծել է, որ Թեհրանն իր հարաբերությունները կարգավորում է ազգային շահերից ելնելով, և Հայաստանի հետ հարաբերություններն այդ առումով բացառություն չեն։
«Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի և խնդիրների, ու ընդհանուր շահերի հստակ ըմբռնման վրա»,-շեշտել է Բաղային։
Նա նաև հավելել է, որ Իրանը հարգում է այլ երկրների հետ հարաբերություններ ունենալու՝ պետությունների իրավունքը, քանի դեռ դա չի վնասում Թեհրանի հարաբերություններին։
