Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Պարցխալաձեն մեղադրվում է գործարարի սպանության մեջ

Վրաստանի ՆԳ նախարարությունը մեղադրանք է առաջադրել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Ռոմանով-Պարցխալաձեի նկատմամբ մարտ ամսին Թբիլիսիի կենտրոնում գործարար Լևան Ջանգվելաձեի սպանությունը կազմակերպելու համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն:

Լևան Ջանգվելաձեին, որը քրեական հեղինակություն Մերաբ Ջանգվելաձեի եղբայրն է, սպանել են 2025 թ. մարտի 14-ին, Թբիլիսիի Իլիա Ճավճավաձե պողոտայում: Մարդասպանը կրակել է նրա վրա և փախել: Իրավապահներն ավելի ուշ ձերբակալել են Գելա Ուձիլաուրիին, ով մեղադրվել է պատվիրված սպանություն գործելու մեջ: Թբիլիսիի քաղաքային դատարանը հոկտեմբերին Ուձիլաուրիին դատապարտել է ցմահ ազատազրկման:

Ըստ ՆԳՆ տվյալների, հետաքննությունը պարզել է, որ Լևան Ջանգվելաձեի կանխամտածված սպանությունը ղեկավարել է Օթար Ռոմանով-Պարցխալաձեն՝ որպես հանցավոր խմբավորման անվիճելի պարագլուխ։

Ինչպես նշել են ՆԳՆ-ում, Ջանգվելաձեի սպանության գործով ավելի վաղ ձերբակալվել են նաև Գեորգի Միկաձեն, Մամուկա Բաղդավաձեն, Գեորգի Կաչկաչիշվիլին, Սանդրո Ցիվցիվաձեն։ Եվս երկու մարդու նիատմամբ հետախուզում է հայտարարվել։

Տեսանյութեր

Լրահոս