«Ամբողջ աշխարհի առաջ խայտառակ ենք լինում․ ո՞ւր էիք մինչև հիմա, 27 տարի ինչո՞ւ էիք լռում»․ Հարութ Սասունյան

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը խայտառակություն է համարում եկեղեցու դեմ գործող իշխանությունների արշավը։

«Ամբողջ աշխարհի առաջ խայտառակ ենք լինում, որովհետև մեզ աշխարհը ճանաչում է որպես առաջին քրիստոնյա ազգ, և հիմա տեսնում են՝ պետությունը եկեղեցու դեմ արշավ է սկսել, ինչը շատ վատ է անդրադառնում։ Որոշ կրոնական կայքէջեր Եվրոպայում, Ամերիկայում այդ մասին գրում են բավականին քննադատական ոճով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ այս ամենը ոչ թե Վեհափառի, այլ եկեղեցու դեմ ոտնձգություն է։

Ըստ նրա՝ լուծումն այս իրավիճակում այն է, որ առանց որևէ նախապայմանների Փաշինյանն ու Վեհափառ հայրապետը հանդիպեն, փորձեն լուծումներ գտնել։

Ամենայն Հայոց կաթողիկոսին «հանգստի ուղարկելու» նախաձեռնությամբ հանդես եկող հոգևորականների թվում է նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, որի վերաբերյալ ևս տարբեր հրապարակումներ եղան այս օրերին։ Հարութ Սասունյանը նկատեց, որ Հովնան սրբազանը թեմում որևէ հարց չի բարձրացրել Վեհափառի մասին, հակառակը՝ մասնակցել է Վեհափառի գլխավորությամբ բոլոր ժողովներին․

Կարդացեք նաև

«Միայն թե վերջին 1-2 տարիներին լսում և տեսնում էինք որոշ դեպքեր, որ երբ Հայաստանի կառավարության դեսպանը գալիս էր, ինքն ընդունում էր նախկին դեսպան Մակունցին և ներկայիս դեսպան Մկրտչյանին, և ճաշկերույթ էր տալիս, պատարագ էր մատուցում։ Ժողովուրդն սկսեց մտածել, որ նա գուցե ուրիշ նպատակ ունի և կարող է երազել, որ մի օր փոխարինի Վեհափառին։ Այդպիսի խոսակցություններ, կասկածներ կան։ Բայց եթե ինքը և մյուսները որևէ հարց ունեին Վեհափառի հետ, թող այս 27 տարվա ընթացքում այդ հարցը բարձրացնեին։ Ո՞ւր էիք մինչև հիմա։ Մինչ այդ իրենք վայելում էին իրենց աթոռները՝ եպիսկոպոս, արքեպիսկոպոս, բոլոր տեսակի մենաշնորհներն ունեին՝ որպես այս շրջանների բարձրաստիճան հոգևորականներ, և հիմա միանգամից այս քաղաքական պայքարի ընթացքում սկսել են բողոքել այնպիսի հարցերի մասին, որոնք եթե անկեղծ էին, պետք է 27 տարի առաջ բարձրացնեին»։

Նա նկատեց՝ Փաշինյանը խոսում է եկեղեցին մաքրելու մասին, բայց նրան միացած հոգևորականների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ կան, որ նրանք էլ տարբեր մեղքեր են գործել․

«Ո՞նց պետք է Փաշինյանը եկեղեցին բարելավի, եթե Վեհափառին փոխարինելու է այնպիսի կղերականներով, որոնք շատ ավելի վատ, անընդունելի, անկարգապահ են, քան ինչ ունենք հիմա։ Նպատակը ոչ թե եկեղեցին բարելավելն է, այլ ընտրություններից առաջ չի ուզում ռիսկի դիմել, փորձում է վերացնել բոլոր խոչընդոտները՝ քաղաքական անձինք, հոգևորականներ, ընդդիմություն, որոշներն արդեն բանտում են, որոշներին պաշտոններից հեռացնում է, իսկ ովքեր էլ սփյուռքահայ են, չի թողնում Հայաստան այցելել։ Դաշտը մաքրում է, որ հեզասահ վերընտրվի որպես վարչապետ»։

Նա ընդգծեց, որ թեպետ Փաշինյանը խոսում է դեմոկրատիայի մասին, բայց չափազանց անհանդուրժող մարդ է․ «Որևէ մեկը, որ համաձայն չէ իր խոսքերին, ինքն այդ մարդկանց համարում է անձնական թշնամի և ամեն ինչ անում է, որպեսզի այդ մարդկանց ջախջախի, բանտարկի, հեռացնի պաշտոններից և այլն։ Չի կարելի այդպես նեղմիտ լինել և չհանդուրժել, որ դիմացինը տարբեր կարծիք ունենա։ Բոլորս էլ մարդ ենք և մեր տարբեր կարծիքներն ունենք, որը հայտնում ենք։ Վարչապետը պետք է սովորի, որ երբ մեկը մի բան է ասում, որ իրեն դուր չի գալիս, պետք է ընդունի որպես այդ մարդու ազատ կարծիք, ոչ թե որպես թշնամի»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս