Էդուարդ Շարմազանովին՝ առանց պիտակների, բայց ուղիղ. Դավիթ Անանյան
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն օրերս Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով տարբեր քաղաքական ուժերի՝ «նախկիններ»-ի հետ չասոցացվելու տարաբնույթ դրսևորումներին:
«Գնացե՛ք ձեր տեղը նվաճեք ընդդիմադիր դաշտում, ի՞նչ եք կպել պաշտոնաթող նախագահներից ու նրանց թիմերից։
ՀՀԿ-ի երիտասարդական կառույցն ավելի շատ բան է արել Նիկոլին հեռացնելու համար, քան դուք։ ՀՀԿ-ի ներկայացուցիչները կալանավորվել են,ձերբակալվել են,բերման են ենթարկվել։ Դուք ու՞ր էիք էդ ժամանակ, ու՞ր։
Հեռո՛ւ մնացեք ՀՀԿ-ից, գնացե՛ք ձեր ձայները հավաքեք, եթե ունեք։ 2018-ից հետո ձեր նման լիքը հավակնոտ «սյուրպրիզներ» ենք տեսել, բայց թիթեռնիկի կյանք են ունեցել,իսկ ՀՀԿ-ն պայքարել, պայքարում ու պայքարելու է»,- ի թիվս այլնի՝ գրել էր Էդուարդ Շարմազանովը:
Այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը պատասխանել է Էդուարդ Շարմազանովին՝ հետևյալ գրառմամբ. ««Քաղաքական վերլուծությանը հակադարձում են փաստարկներով, ոչ թե «նորաթուխ», «նախկին», «սյուրպրիզ» կամ այլ պիտակներով։ Երբ ընտրական սցենարների մասին բարձրաձայնված գնահատականին պատասխանվում է կենսագրական ակնարկներով ու արժեզրկող բառապաշարով, դա վկայում է ոչ թե դիրքորոշման ուժի, այլ փաստարկային դատարկության մասին։
«Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնության դիրքորոշումը և այդ կապակցությամբ Արման Թաթոյանի բարձրաձայնած միտքը որևէ կուսակցության կամ անձի համար «հրաման» չէ և երբեք չի ներկայացվել որպես քաղաքական իրավունքների սահմանափակում։ Դա քաղաքական գնահատական է՝ այն պարզ իրողության մասին, որ նախկինների ու ներկաների արհեստական երկբևեռացումը տարիներ շարունակ աշխատել է գործող իշխանության օգտին։ Սրա հետ կարելի է չհամաձայնել, բայց դա խեղաթյուրելն ու ներկայացնելը որպես «կախվել պաշտոնաթող նախագահներից»՝ ոչ միայն քաղաքական բանավեճ չէ, այլև հատում է կոռեկտության սահմանը:
Քաղաքական վերլուծությունը չի չեղարկվում այն փաստով, թե ով որտեղ է աշխատել կամ որ ֆրակցիայի կողմից է երբևէ ընտրվել։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ցանկացած վերլուծություն կարելի է փակել «դուք ով եք եղել» հարցով, և քաղաքական միտքը պարզապես կդադարի գոյություն ունենալ։
Այո՛, յուրաքանչյուր քաղաքական ուժ սուբյեկտ է և ինքն է որոշում իր քայլերը։ Բայց սուբյեկտ լինելը չի նշանակում՝ վեր կանգնել քաղաքական պատասխանատվությունից կամ փորձել քննարկումը փակել «գնացեք ձեր տեղը նվաճեք» կարգախոսներով։ Ընդդիմադիր դաշտը սեփականաշնորհվող տարածք չէ։
«Մենք պայքարել ենք, մեզ կալանավորել են» փաստարկը մարդկային առումով հարգելի է, բայց քաղաքականության մեջ չափման միավորը ոչ թե կրած զոհողության գինն է, այլ ստացված արդյունքը։ Եթե 2018-ից հետո կիրառված մոտեցումները շարունակաբար հանգեցրել են նույն ելքին, ապա օրինաչափ է հարցնել՝ ո՞րն է հաղթող սցենարը, և ինչո՞վ է այն տարբերվում նախկինում ձախողվածներից։
Այս հարցը տալը թշնամություն չէ։ Սա քաղաքական հասունության պահանջ է։
Եթե նպատակը իսկապես գործող իշխանության հեռացումն է, ապա պետք է պատրաստ լինել նաև տհաճ ճշմարտություններին։ Տարիներով չաշխատած սցենարները չեն դառնում հաղթող միայն այն պատճառով, որ կրկնվում են ավելի «բարձր տոնով» »:
