Բաժիններ՝

Դոնբասի արևելքում առաջարկվում է ստեղծել ազատ տնտեսական գոտի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ի ներկայացրած խաղաղության ծրագրի մանրամասները ներկայացնելիս նշել է, որ առաջարկվում է Դոնբասի արևելքում ստեղծել ազատ տնտեսական գոտի։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան դուրս գա Դոնեցկի մարզից, իսկ ԱՄՆ-ն առաջարկում է փոխզիջումային տարբերակ՝ ազատ տնտեսական գոտու ստեղծում։

Նրա խոսքով՝ եթե համաձայնություն չլինի «կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք» հարցի շուրջ, ապա ազատ տնտեսական գոտու մասին որոշումը պետք է ընդունվի միայն հանրաքվեի միջոցով։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հանրաքվեի անցկացում, սակայն քվեարկությունն, ըստ Զելենսկու, հարկավոր է անցկացնել ամբողջ փաստաթղթի շուրջ, ոչ թե դրա առանձին կետի։

Նա հավելել է, որ հանրաքվեի համար հարկավոր է առնվազն 60 օր, և հարկավոր է 60 օրով իրական հրադադար։

Իր հերթին, BBC-ն նշում է, որ Զելենսկու խոսքով՝ քանի որ Ուկրաինան դեմ է հետքաշմանը, ԱՄՆ բանակցողներն առաջարկում են ստեղծել ապառազմականացված գոտի կամ ազատ տնտեսական գոտի։

«Կա երկու տարբերակ՝ կա՛մ պատերազմը շարունակվում է, կա՛մ պետք է ինչ-որ բան որոշվի՝ կապված հնարավոր տնտեսական գոտիների հետ», – ասել է նա։

Ռուսական կողմը պնդում է, որ Ուկրաինան դուրս գա Դոնեցկի արևելքում իր տարածքի գրեթե մեկ քառորդից՝ խաղաղության համաձայնագրի դիմաց։ Դոնբասի մնացած մասն արդեն գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Զելենսկին հայտնել է, որ 20 կետից բաղկացած ծրագիրը Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու «հիմնական շրջանակն է». այն անվտանգության երաշխիքներ է առաջարկում ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ից և եվրոպական երկրներից։

Լրագրողների հետ զրույցում Ուկրաինայի նախագահը նաև ներկայացրել է խաղաղության ծրագրի 20 կետերի բովանդակությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս