ՊԵԿ-ում 2025-ին կոռուպցիոն միջադեպերի վերաբերյալ ներկայացվել է 20 հաղորդում, նախաձեռնվել՝ 103 ծառայողական քննություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում իր լիազորությունների շրջանակում շարունակել է հետևողական և անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից իրականացված նպատակային միջոցառումների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել 20 հաղորդում՝ առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։ Բացի այդ, ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ներկայացվել է 8 գրություն։ Նշվում է, որ տվյալ 20 հաղորդումներով ներկայում իրականացվում է նախաքննություն։

2025 թվականի ընթացքում ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն, որոնցից 78-ն ավարտվել է կարգապահական պատասխանատվությամբ։ Կիրառված միջոցների թվում են եղել նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, ինչպես նաև ծառայության դադարեցում։

Տարվա ընթացքում շուրջ 230 տեղեկանք է ուղարկվել ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչություն և Հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչություն, որոնց շրջանակում իրականացվել է համապատասխան վարչարարություն։

ՊԵԿ-ը նաև ընդգծում է, որ 2025 թվականին ներքին անվտանգության վարչության կողմից դատախազություն ուղարկված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդումների թիվը աննախադեպ է եղել վարչության ստեղծման օրվանից ի վեր։ Ըստ Կոմիտեի՝ դա վկայում է ոչ միայն խախտումների հայտնաբերման, այլև յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ փաստական տվյալների հավաքագրման և իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու հետևողական աշխատանքի մասին։

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում 2025 թվականին իրականացվել են նաև տեխնոլոգիական բարեփոխումներ։ Մասնավորապես՝ արդիականացվել և հզորացվել է ՊԵԿ-ում գործող տեսահսկման համակարգը, իսկ 2026 թվականից նախատեսվում է արհեստական բանականության վերլուծիչների ինտեգրում, ինչը, ըստ Կոմիտեի, թույլ կտա ապահովել առավել արդյունավետ վերահսկողական և վերլուծական հնարավորություններ։

Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ համակարգային քայլերով շարունակելու է օրինականության ապահովման, թափանցիկության բարձրացման և հանրային վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031