ՄԱԿ-ի ԱԽ-ն մինչև 2026 թվականը երկարաձգել է Կոնգոյում խաղաղապահ առաքելության մանդատը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 20-ը երկարաձգվում է ՄԱԿ-ի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կայունացման առաքելության մանդատը, ինչպես նաև՝ բացառության կարգով, դրա արագ արձագանքման բրիգադի մանդատը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջը։
Ֆրանսիայի ներկայացրած բանաձևը նախատեսում է առաքելության առավելագույն թույլատրելի թվաքանակի պահպանումը՝ 11 500 զինծառայող, 600 ռազմական դիտորդ և շտաբային սպա, ինչպես նաև շուրջ 1 700 ոստիկան։
Անվտանգության խորհուրդը հիշեցրել է, որ խաղաղապահ առաքելության համաձայնեցված փուլային դուրսբերման գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով։
